ԱՀ իրավապահ մարմիններն իրավասու են արձագանքել եւ քրեադատավարական գործընթաց նախաձեռնել բացառապես առերեւույթ կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործության դեպքի մասին վկայող տվյալների առկայության դեպքում: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Դատախազությունից։
«Այսօր «Սամվել Բաբայան / Samvel Babayan» անվամբ ֆեսյբուքյան օգտատիրոջ էջում հրապարակվել էր հայտարարություն, որում, ի թիվս այլոց, ներկայացվել էր ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու եւ անվտանգության խորհրդի նույն օրվա նիստում հնչած՝ պետական եւ ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները հանրայնացնելու մասին տեղեկություններ՝ ԱՀ դատախազությունից ակնկալելով նշված դեպքերի պատշաճ քննություն: Հիշյալ հայտարարությունը տարածվել է նաեւ լրատվամիջոցների կողմից: Վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ԱՀ իրավապահ մարմիններն իրավասու են արձագանքել եւ քրեադատավարական գործընթաց նախաձեռնել բացառապես առերեւույթ կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործության դեպքի մասին վկայող տվյալների առկայության դեպքում: Իրավապահ մարմինները չունեն մասնավոր անձանց միջեւ ծագած՝ քաղաքացիա-իրավական բնույթ կրող վեճի առարկայի շուրջ քննություն իրականացնելու եւ «ճշմարտություն բացահայտելու» պարտականություն կամ լիազորություն, նման բնույթի հարցերը ենթակա են լուծման մասնավոր-իրավական տիրույթում: Ինչ վերաբերում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստում հնչած՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ հայտարարությանը, ապա այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։