Ինչպես հայտնի է, Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-18-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացրել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի թերապեւտ Աշխեն Գյոզալյան մեզ հետ զրույցում ասաց, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: «Շոգը նպաստում է սրտի զարկերի հաճախացմանը, ճնշման տատանմանը, հանգեցնում է ընդհանուր թուլության, կարող է լինել գլխապտույտ, բացասական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա»,-ասում է բժշկուհին:
Նրա փոխանցմամբ՝ այս տարի շոգ եղանակի պատճառով դեռ դիմելիության աճ չի գրանցվել, բայց կանոնները չպահպանելու դեպքում անցանկալի հետեւանքները բացառված չեն: Աշխեն Գյոզալյանը նշում է, որ պետք է ուշադիր լինեն սիրտ-անոթային, երիկամային և շնչառական խրոնիկ հիվանդություններ ունեցողները, հղիները, մեծահասակները եւ մանկահասակ երեխաները: Շոգ եղանակի պատճառով բարդություններ չլինելու համար բժշկուհին խորհուրդ է տալիս.
1․օրական խմել 2-3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, թեյ, առանց շաքարի բնական հյութեր:
2. խուսափել սուր համեմված սննդից, յուղոտ, կծու կերակուրներից, նախապատվությունը տալ թեթեւ, դյուրամաս սննդին, օգտագործել մրգեր եւ բանջարեղեն:
3. խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից՝ ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում:
4. Ցանկալի է կրել գլխարկ, արեւային ակնոց, ունենալ հովհար, հագնել բաց երանգի ազատ հագուստ:
5. Պետք է խուսափել այդ ժամանակահատվածում բացօթյա տարածքներում ֆիզիկական ծանր աշխատանքներից:
6. Պետք է հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել միջանցիկ քամիներից, չչարաշահել օդափոխիչի սառը օդը, որի ուժեղ հոսքը չպետք է ուղղված լինի մարդու վրա:
«Հետեւելով այս խորհուրդներին՝ կարելի է դիմանալ շոգ եղանակին եւ բժշկի դիմելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ամփոփեց Աշխեն Գյոզալյանը: