00:00:00

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը

20:26, 20 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հունիսի 18-ին ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու միջադեպը  տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթից երկու օր անց: Հարկ ենք համարում հիշեցնել, որ հունիսի 16-ին Բաքվի IX գլոբալ ֆորումի «Գլոբալ աշխարհակարգի սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ Ալիևը հերթական  անգամ սպառնալից և ռազմատենչ ելույթով է հանդես եկել, որտեղ նշել է, որ «եթե Զանգեզուրի «միջանցք» չտրամադրվի Ադրբեջանին, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին: Մենք հաղթել ենք պատերազմը և ունենք բարոյական իրավունք դա պահանջելու»:

Ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից շարունակ խոսող Ալիևը և ադրբեջանական կողմը հստակ ձեռագիր և գործելաոճ են որդեգրել՝ սողացող պատերազմի տրամաբանության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին կրկին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը ևս սպանվել էր հակառակորդի կողմից Ալիևի ելույթից մեկ օր անց: Մայիսի 27–ին Ալիևը հայտարարել էր՝ «այսօր առաջնահերթը ուժն է, միջազգային իրավունքը չի աշխատում, և մենք չպետք է խաբենք ինքներս մեզ»:

Ալիևի նմանատիպ ելույթներից անմիջապես հետո ադրբեջանական կողմը սկսում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմը խախտում է հրադադարը: Ակնհայտ է, որ իրականությունն ամբողջությամբ հակառակն է, որի վերաբերյալ համապատասխան հայտարարություններով հանդես է գալիս նաև ՀՀ ՊՆ–ն: Սակայն, ցավոք, կարճ ժամանակ անց մենք հերթական կորուստն ենք ունենում սահմանին: Հստակ է և անժխտելի, որ Ադրբեջանի նախագահի ելույթները ոչ թե ուղղակի խոսքեր են կամ ներքին սպառման համար հնչող տեքստեր, այլ հստակ հրահանգ՝ ուղղված հերթական անգամ իրավիճակը լարելուն և հայկական կողմին կորուստներ պատճառելուն:

Այս գործելաոճը պետք է ստանա կոնկրետ գնահատական միջազգային գործընկերների կողմից, որոնք իսկապես հետաքրքրված են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում: Քանի որ Ալիևի գործողությունները և 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան Արցախի դեմ այդպես էլ համարժեք գնահատականներ չստացան և չդատապարվեցին, ուստի և Ադրբեջանի բռնապետը շարունակում է հպարտությամբ շեշտել, որ «չի ընտրել խնդրի կարգավորման խաղաղ և բանակցային ճանապարհը, այլ ընտրել է ռազմական ուղին»:

Նման գործելաոճը և պետական մակարդակով հայի հանդեպ քարոզվող ատելությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը միտված չէ խաղաղության։ Ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից խոսող Ալիևի քաղաքականությունը անթույլատրելի է և պետք է ստանա կոշտ արձագանք նաև միջազգային հանրության կողմից: Սա նաև, հերթական անգամ ցույց է տալիս, որ հայկական կողմի՝ իր նախնական հայտարարությունների և դիրքորոշումներից հետ կանգնելու քաղաքականությունը, որպես Բաքվին զսպելու գործիք, չի աշխատում, ավելին՝ մենք մեր իրավունքների հարցում նահանջելով ավելի հանդուգն ենք դարձնում Ադրբեջանին: Փոխարենը պետք է հստակ աշխատանք տարվի  միջազգային գործընկերների հետ Ադրբեջանին զսպելու լծակներ մշակելու և գործողություններ ձեռնարկելու նպատակով:

Միևնույն ժամանակ, խիստ մտահոգիչ է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի  հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որով ողջունել է հունիսի 16-ին Բաքվի գլոբալ ֆորումում Ալիևի ելույթը «տարածաշրջանում խաղաղություն հաստատման» մասին՝ «չնկատելով» այդ նույն ելույթի ժամանակ ուժի սպառնալիքի կիրառման և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ մերժողական դիրքորոշման մասին հատվածը։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պետք է հրաժարվել հաղթողի և պարտվողի դիսկուրսից, ինչի մասին շարունակ խոսում է Ալիևը: Եթե միջազգային գործընկերները շահագրգռված են խաղաղության հաստատման հարցում, ապա կարևոր է՝ օժանդակեն տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր