Փառուխի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը խուճուճ և խրթին հայտարարություն էր, բայց դրանից կարող եմ ենթադրել, որ սահմանագծում և սահմանազատում կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Արցախի սահմանին:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, որ Արցախի Փառուխ գյուղի հարցը լուծվելու է սահմանագծման գործընթացի շրջանակներում:
Փորձագետը Լավրովի այս հայտարարությունը դիտարկում է լավ և վատ կողմերից:
Ըստ ադրբեջանագետի՝ վատն այն է, որ եթե հայկական կողմը շարունակի իր կապիտուլացված քաղաքականությունը և ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, ապա կստացվի է, որ Արցախում այլևս հայկական բնակավայր չկա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ հայկական կողմը Փառուխի հարցը հօգուտ Ադրբեջանի կլուծի.
«Իսկ լավն այն է, որ Փառուխի տակ կարելի է դիտարկել ԼՂԻՄ -ի կազմով սահմանագծման և սահմանազատման իրականացում, այսինքն՝ ռուս խաղաղապահների տեղակայումը լինի ոչ թե 5 տարով, այլ՝ ավելի երկարաժամկետ, հետևաբար, կարիք կլինի սահմանագծում և սահմանազատումն անել կոնկրետ հայկական բնակավայրերի մոտով»,-ասաց Դավթյանը:
Փորձագետը մեզ հետ զրույցում նաև նկատեց՝ այն միջանցքը, որով հայկական կողմը գնում է Արցախ, դա նույնպես վերահսկում է ռուսական կողմը,իսկ այնտեղ ադրբեջանական վերահսկողություն չկա, այսինքն՝ այդ տարածքը կիսով չափ նաև հայկական է, հետևաբար նաև կարիք կլինի հստակեցնել՝ որ սահմաններով է անցնում ռուս սահմանապահների վերահսկողությունը, որպեսզի հետագայում որևէ գծի խախտում հստակ արձանագրվի և հետևանքներ լինեն.
«Շատ են շահարկում՝ քանի չկա հստակ սահմանային գիծ, դժվար է ասել՝ որն ում է պատկանում, իսկ այս դեպքում կհստակեցվի սահմանները և խախտման դեպքում կոնկրետ հետևանքներ կլինեն: Դեմարկացիան և դելիմիտացիա տարիների հարց է, նման հայտարարությունները հետագայի համար հող են ստեղծում, իսկ թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, դա բխում է մեր արտաքին քաղաքականությունից»,-ասաց Դավթյանը:
Զրուցակիցն ամեն դեպքում կարծում է, որ Ռուսաստանը միայն Ադրբեջանին բավարարելով հարցը չի լուծի, կնախընտրի նաև հայկական կողմին որոշակի դիրքեր տալ: