00:00:00

Այսօր հայի և Հայաստանի գոյության այս բարդ պայմաններում պետք է կրկին հիշենք մի քանի բան․ քաղաքագետ

15:48, 29 մայիս 2022 Բլոգ

Վերջերս շատերը բողոքում են, թե մենք չունենք ազգային գաղափարախոսություն, այդ պատճառով էլ չենք հաջողում։ Սա մեծագույն մոլորություն է, որը մարդկանց տանում է մեկ այլ ծայրահեղության մեջ։

 

Նախ ազգային գաղափարախոսության մասին.

 

Ո՞վ չի կարդացել Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն»-ը։ Արդյո՞ք հասկացել են կարդացողները, ովքեր անգամ դրանից հետո պնդում են, թե մենք չունենք ազգային գաղափարախոսություն։ Պատմահայրը տվել է Ազգային գաղափարախոսության համար անհրաժեշտ հիմնասյուները.

 

1. Կենսատարածքի հասկացությունը,

 

2. Մատնանշել է ազգային առաքելությունը,

 

3. Անցյալը կապել ներկայի հետ, ստեղծելով հնարավորություն ապագան կերտելու անցյալի սխալները շտկելով,

 

4. Մատնանշել է ազգային հիվանդությունները։

 

Այսքանից հետո ասել, թե չունենք, այն էլ լուրջ մասնագետների կողմից, ուղղակի տարակուսելի է։ Եվ եթե անգամ կհամարեն, թե այն հին է, արդի չէ, ապա որտե՞ղ են Հայկ Ասատրյանի, Նժդեհի, Շահան Նաթալիի ուսմունքները (չնայած մեծ հաշվով սրանք իրար երբեմն այնքա~ն մոտ են) ու դարձյալ կասեն` չունենք...

 

Հիմա օրվա խնդիրների ամենամեծ աղբյուրի մասին.

 

Ցանկացած հաջողված պետության մոդել ենթադրում է պետության առաքելության սահմանում, որը բխում է տվյալ պետության տիտղոսակիր կամ հիմնադիր ժողովրդի ազգային երազանքներից ու իղձերից։

 

Հայաստանի Հանրապետության հիմնադիրները թեև դեկլարատիվ մակարդակում ամրագրեցին որոշակի նպատակ, բայց այն այնքան թույլ էր, ոչինչ չասող, ժողովրդական կյանքից կտրված, որ մինչ օրս իր արտացոլանքը չստացավ ո'չ հանրային կյանքում և ո'չ էլ պետական։

 

Շատերս ենք լսել հեգնանքն ու ծաղրը Արևմտյան Հայաստան երազողների նկատմամբ։ Այստեղ պետք է աչալրջորեն հետևել, թե հատկապես ովքե՞ր ու ի՞նչ խմբեր են այդ ծաղրի, «հայու գենի», «ծովից ծով Հայաստան»-ի գաղափարի, իղձի այդ հմուտ վարկաբեկիչները։ Նրանք անպայման պետք է որ ունենան այլազան շահեր ու նպատակներ, որոնք առընչություն չունեն Հայոց ազգային շահերի, երազանքների հետ։

 

Այսօր հայի և Հայաստանի գոյության այս բարդ պայմաններում պետք է կրկին հիշենք մի քանի բան.

 

1. մեր առաքելությունն աշխարում,

 

2. պետության գոյության նպատակն ու առաքելությունը,

 

3. ազգային երազանքն ու իղձերը,

 

4. մեր Կենսատարածքի, որի պայմաններում է միայն հնարավոր հայ տեսակի ինքնուրույն կենսագործունեության հնարավորությունը։

 

Սրանց առկայության դեպքում, պատշաճ ազգային դաստիարակության դեպքում մենք կրկին ի զորու կլինենք վերագրավել մեր տեղն ու դերը աշխարհի պետությունների շարքում։

 

Իսկ մինչ այդ, ո'չ թե պետք է գոռալ «մենք ազգային գաղափարախոսություն չունենք», այլ պետք է կրկին դառնալ դեպի արմատներ, վերանայել «Հայոց Պատմություն»-ը իբրեւ կենսական կոնցեպտ, զբաղվել նախ` ինքնադաստիարակությամբ, ապա և սերունդների դաստիարակությամբ։ 

 

Մեր ազգային իդեալների նշաձողը պետք է լինի բարձր, շա~տ բարձր, ու պետք է ամեն հայ գիտակցի, որ դրանց իրագործման համար ունի սրբազան պարտք և կտակ։ Ու սերունդների քայլերթը անպայման կհասնի այն հանգրվանին, որը կտա մեզ հարատևման համար անհրաժեշտ կենսական ներուժն ու ռեսուրսները։

 

Զուր չէ, որ Մովսես Խորենացին մեր Պատմահայրն է...

 

Քաղաքագետ Արա Պողոսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր