«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Փաշինյանի եւ Ալիեւի հետ մայիսի 23-ին կայացած հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական հայտարարություն է արել, որում, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է.«Ես երկու ղեկավարների համար էլ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին»։
Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9֊ի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը նույնպես օգտագործում է «Լեռնային Ղարաբաղ» եւ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունները։ Չնայած հետագայում Ադրբեջանը պահանջել է այլեւս չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, եւ եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանը, եւ դե֊յուրե դեռ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան նույնպես շարունակում են օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը եւ, ըստ էության, դիտարկել Արցախը որպես տարածքային եւ քաղաքական միավոր, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չլուծված։
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հրաժարվել են որեւէ արձագանք տալ, իսկ հանդիպման արդյունքների մասին միակ պաշտոնական հայտարարությունն արել է հանդիպման միջնորդ Միշելը։ Դիվանագիտական պրակտիկայում դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանդիպման կողմերը որոշում են լիազորել միջնորդին ներկայացնելու հանդիպման արդյունքները, ինչը նշանակում է, որ երկու հակամարտող կողմերը համաձայնություն են տվել հրապարակված տեքստին։