Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը մեզ հետ զրույցում մատնանշում է՝ այսօր մեզանում սիրո եւ միաբանության պակաս կա․ «Մեր պետությունը, պարեկներով համակարգ ստեղծելու փոխարեն, պետք է սահմանային անվտանգության հարցերը լուծի եւ ոչ թե 7 հազար ոստիկան պահի, ամեն մարզում՝ 700 հոգի, նրանց 350 հազար ռոճիկ տա ու դրանով հպարտանա։ Դրա փոխարեն պետք է սահմանային անվտանգությունն ապահովեն եւ պայմանագրային զինվորներ, պրոֆեսիոնալ բանակ պատրաստեն, որ կարողանան մեր սահմանները պաշտպանել։ Այդ գումարները վատնելու, ոստիկանների անիմաստ քանակ ստեղծելու փոխարեն թող բանակի վրա ներդնեն, որ մենք անվտանգ ապրենք մեր պատմական հայրենիքում»։
Տեր հայրն ասելիք չունի ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը, միայն միասնության ու խաղաղության կոչ է անում՝ հանուն ազգային շահի․ «Կուզեմ, որ մենք չունենանք պետական պաշտոնյաներ, որոնք բարոյական նորմերն ու կանոնները չեն պահում, ովքեր ազգային հաստատությունների հանդեպ հարգանք չունեն։ Բարձրագույն իշխանություններից սկսած մինչեւ սովորական քաղաքացիները պիտի ունենան ազգային, բարոյական նկարագիր, պետք է ոստիկանները քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ չկիրառեն, քաղաքացիներն էլ ոստիկանների նկատմամբ հարգալից լինեն։ Ես սիրո եւ միաբանության կողմնակից եմ։ Կուզեմ, որ բոլորի սրտում Աստված լինի, եւ ազնիվ ձեւով փորձեն երկիրը հզորացնել, տնտեսությունը կարգավորել, բանակը վերակազմավորել, եւ մենք էլ արժանապատիվ լինենք»։
Պաշտոնյաները հաճախ են թիրախավորում եկեղեցուն, հոգեւորականներին, վերջերս էլ ԱԺ նախագահը հայտարարեց, թե Մարտի 1-ից սկսած՝ որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի տակից հանել եւ ծպտուն հանել», ինչի համար իրենք են «մեղավոր» եւ հետեւություններ կանեն։ «Ես չգիտեմ՝ ԱԺ նախագահն ինչ է ասել, բայց կուզեմ, որ բարձրագույն պաշտոնյաները ծնված լինեն բարոյական հորից, բարոյական մորից եւ իրենք էլ բարոյական կերպար ունենան, իսկ ուրիշներին քննադատելու հետ կապված՝ իրենց ոչ ոք դատավոր չի կարգել որեւէ մեկի վրա։ Հիսուս ասում է՝ մի դատեք, որ Աստծուց չդատվեք։ Հատկապես ոմանք բարոյական հարցերից խոսելու իրավունք չունեն։ Ես կողմ եմ, որ բարոյական հարցերից խոսեն բարոյական մարդիկ, իսկ ովքեր իրենք այդ օրենքներն ու կանոնները չեն պահում, նիստերին խորհուրդներ տալու իրավունք չունեն»։
Տեր Վրթանես Բաղալյանն ընդգծում է, որ խաղաղության եւ խաղաղության դարաշրջանի քարոզ պետք է պարտվողները չանեն, այլ՝ հաղթողները․ «Իսկ հայրենիքի մի մասը պարտադրանքի տակ զիջած իշխանությունները խաղաղության քարոզ անելու բարոյական իրավունք չունեն։ Ծիծաղելի է, երբ թույլը խոսում է խաղաղությունից, միայն ուժեղներին են բնորոշ խաղաղություն հաստատելը եւ խաղաղարար լինելը։ Իրենք անկարող են խաղաղության դարաշրջան ստեղծել, որովհետեւ պատերազմում խայտառակ պարտություն են կրել, խայտառակ պայմանագիր են կնքել եւ տարածքներ են զիջել մեր պատմական հայրենիքից»։
Տեր հայրը հավատ չի ընծայում այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել․ «Դա, հավանաբար, միայն Ալիեւի կարծիքն է, բայց Արցախը չի կարող այլ կերպ լինել, քան անկախ։ Երբեք ինքն Ադրբեջանի կազմում չի եղել եւ ոչ էլ կարող է լինել, լինելու դեպքում էլ կարժանանա Նախիջեւանի ճակատագրին»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «երանի խաղաղարարներին, Աստծո որդիներ պիտի կոչվեն...», տեր հայրը նկատում է․ «Վարչապետը մեկ-մեկ նաեւ սաղմոսներ էլ է կարդում, բայց ինքը սխալ սաղմոսներ է կարդում։ Նա ոչ թե իր մեղավոր վիճակի մասին սաղմոսներ է կարդում, այլ այն սաղմոսներն է կարդում, որ վերաբերում է Աստծու որդուն։ Ինքը մեկ-մեկ սաղմոսասացությամբ է զբաղվում, բայց ոչ տեղին սաղմոսներ է կարդում։ Եթե բարի լինի, ինձ դիմի, ես կասեմ՝ որ սաղմոսներն է իրեն անհրաժեշտ կարդալ, եւ որոնք կոռեկտ չէ, որ ինքը կարդում է։ Սաղմոսներ կարդալու փոխարեն թող ինքը զատկական կամ սուրբծննդյան պատարագներին լինի, կամ մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարեն։ Վերջին սուրբծննդյան մեռելոցն էլ հանեցին եւ դարձրին աշխատանքային օր, հիմա էլ սաղմոս են կարդում։ Իրենց կուզենք սաղմոս կարդացողների շրջանակում նկատել, եկեղեցում ընդհանրական աղոթք ենք անում, թող մեկ-մեկ էլ ինքը ներկա լինի՝ աղոթի իր հոգու համար, Աստված ողորմած է, գուցե իրեն ների»։