«Պարոն Փաշինյանի ու նրա կառավարության անմտածված հայտարարություններն ու քայլերն ամրապնդում են ընդդիմության դիմադրության շարժումը, որն այլևս դուրս է եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ընտրազանգվածի սահմաններից: Բողոքական ալիք են ներքաշվում բավականին լուրջ սոցիալական շերտեր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:
Անդրեյ Արեշևի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ անսպասելի չէ, քանի որ Փաշինյանն ու նրա կառավարությունն այս տարիների ընթացքում ունեցել են ընդդիմություն, բավականին դինամիկ պայքար, տարբեր ինտենսիվության բողոքի ակցիաներ:
«Ակցիաներ եղել են Փաշինյանի իշխանության տարբեր ժամանակներում, սակայն ամենաակտիվը եղել է 2021 թվականից սկսած: Այս տարի մինչ ապրիլի 25-ը ևս եղել են տարբեր բողոքներ, սակայն ապրիլի 25-ից սկսած այս ամենը սկսեց ավելի համակարգային ու մասսայական բնույթ կրել: Կառավարության գործող ղեկավարն արել է ամեն ինչ, որպեսզի իր անմտածված հայտարարություններով, տարատեսակ հակասական քայլերով վերացնի իր հեղափոխական շրջանի բարձր վարկանիշը: Մենք շարժումների որոշակի միտումներ տեսել ենք արդեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների շրջանում, երբ իշխանությունն ադմինիստրատիվ ռեսուրս էր կիրառում: Ես ուշադրություն դարձրի, որ ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը, իշխանությունը սահմանափակվեց շաբաթօրյակով, երբ կային խոսակցություններ, որ գործող կառավարությունն ամեն դեպքում մտածում է իր կողմնակիցներին փողոց դուրս բերելու մասին:
Սակայն պետք է արձանագրել, որ ինչ-որ պատճառով դա չհաջողվեց, այդ թվում՝ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրս, որը գործող իշխանությունները միանշանակ կօգտագործեին: Սա փաստում է այն լուրջ խնդիրների մասին, որոնք ունի Կառավարությունը, որը չի կարողանում որևէ լուրջ հաջողություն ցուցադրել որևէ ոլորտում, տապալվել է բոլոր ուղղություններով: Մենք տեսնում ենք, որ տնտեսական իրավիճակը սրվում է, անմտածված հայտարարություններն իրենց հերթին՝ ավելի են ամրապնդում դիմադրության շարժումը, որն այլևս դուրս է եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ընտրազանգվածի սահմաններից:
Այս բողոքական ալիք են ներքաշվում բավականին լուրջ սոցիալական շերտեր, ինչպիսիք են պատերազմի վետերանները, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ուսանողները, իրավիճակը բավականին լարված է:
Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, հույսեր է կապում հասարակության շրջանում պահպանվող ապատիայի հետ, իսկ իրենց նախկին ակտիվ կողմնակիցների հետ հույսեր կապել չեն կարող այնպես, ինչպես նախկինում: Թե ինչի կհանգեցնի, բարդ է ասելը: Շատ է նաև ապատեղեկատվությունը, կա տեղեկատվություն, թե Փաշինյանն իր հակառակորդներին բանակցություններ է առաջարկում, կողմերը հերքում են, դեռ բարդ է ասելը՝ ինչով կավարտվի, բայց երևում է, որ Փաշինյանի ընդդիմախոսներն այս ամենին բավականին հիմնավոր են պատրաստվել այս անգամ»,- ասաց Արեշևը՝ շարունակելով, որ այս անգամ ընդդիմության նախաձեռնած շարժման թափն այլ է թվում:
Հարցին, թե ինչպե՞ս է դիրքավորված Մոսկվան այս ամենի հանդեպ՝ Անդրեյ Արեշևը հիշեցրեց այն խոսակցությունները, որոնք տարածվեցին ապրիլի 19-ին Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցից հետո:
«Ես ուշադրություն դարձրի Հայաստանում տարածվող խոսակցություններին, որ այցը հարթ չի անցել, ուշադրություն դարձրի, որ Մոսկվայում Փաշինյանի պատվիրակության ներկայացուցիչների ասուլիս էր չեղարկվել: Բացառված չէ, որ ինչ-որ առումով հայ-ռուսական բարձրաստիճան այս խնդրահարույց մթնոլորտը ևս ազդում է տեղի ունեցող իրադարձությունների դինամիկայի վրա: Ես նաև ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ այս ամենն ակտիվորեն լուսաբանում է «Սպուտնիկ» գործակալությունը:
Կարծում եմ, որ իրավիճակը լրջորեն փոխվում է, և Ուկրաինայում շարունակվող հատուկ օպերացիայի ֆոնին Ռուսաստանից պահանջվում է կոնկրետություն, հստակություն այն մասով, թե նա Հայաստանում ինչ գործընկերների հետ է աշխատում: Պարոն Փաշինյանի հետ կան հայտնի խնդիրները, որոնք ոչ երեկ, ոչ էլ երեկ չէ առաջին օրը չեն սկսվել: Միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ Ռուսաստանը բացահայտորեն միջամտելու է Հայաստանի ներքաղաքական կյանքին»,- ասաց Արեշևը:
Նրա կարծիքով, ՌԴ-ն Հայաստանում պետք է աշխատի բոլոր կողմերի ու կազմակերպությունների հետ: Ռուս վերլուծաբանը նկատեց, որ սովորաբար ՌԴ-ն աշխատում է գործընկեր երկրների միայն իշխանությունների հետ, սակայն այդ քաղաքականությունն ապացուցեց իր սխալականությունը՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ շատ այլ երկրներում:
«Ուստի ինձ թվում է, որ ՌԴ դիրքորոշումը կլինի չեզոք սպասողական: Քիչ հավանական է բացահայտ աջակցություն ընդդիմությանը կամ իշխանությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ռուսական կողմը գործելու է կոնկրետ իրավիճակներից ելնելով: Այն գործիչները, որոնք մասնակցում են ակցիաներին, շատ լավ ծանոթ են Մոսկվային, ոչ պակաս, քան Փաշինյանը։ Ուստի տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասաց Արեշևը: