00:00:00

Քարագլխի հատվածի շուրջ 7 տասնյակ հուշարձանները վտանգված են

15:58, 11 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Քարագլխի հատվածից ադրբեջանցիներին օր առաջ հետ շպրտելը ոչ միայն անվտանգային առումով է հրատապ, այլև՝ պատմամշակութային ժառանգության պահպանման։ Քարագլխի հատվածում միայն հաշվառված շուրջ 70 հուշարձան կա՝ այդ թվում Ք․Ա․ 1-ին հազարամյակով թվագրվող դամբարաններ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սլավա Սարգսյանը։

Նախկին Քարագլուխ գյուղի և բարձրավանդակի տարածքում, ինչպես մեր զրուցակիցն է ասում, շատ են արժեքավոր արձանագրություններով խաչքարերը։ Կան նաև սրբատեղիներ, գերեզմանոց, եկեղեցի։

«Եկեղեցին նախկին Քարագլուխ գյուղի տարածքում է, որը 19-րդ դարում վերակառուցվել է, բայց տարածքում գտնված հոգևորականներից մեկի տապանաքարի արձանագրությունից պարզ է դարձել, որ 1565 թվականին արդեն իսկ կար այդ եկեղեցին։ Այսինքն՝ այդ հիշատակությունը վկայում է, որ առնվազն 16-րդ դարի եկեղեցի է դա»,-ասում է Սարգսյանը։

Քարագլխի հատվածի դամբարանների ու խաչքարերի մեծ մասին քաջածանոթ լինելով՝ հուշարձանագետը լիահույս է, որ ադրբեջանցի օկուպանտներին չի հաջողվի պղծել ու քանդել դրանց առնվազն կեսը։

«Միայն բարձրավանդակը շուրջ 350 հա տարածք է զբաղեցնում․ դա Շուշիի տարածքի կեսի չափ տարածք է ու ոչ պակաս ռազմավարական կարևորություն ունի։ Ադբեջանցիների նպատակը հասկանալի է, որ բարձր տեղերում ամրանալն է։ Նրանց զբաղեցրած դիրքից հիմա վերահսկելի է մոտ 1200 հա տարածք»,-նշում է Սլավա Սարգսյանը։

Բարձրավանդակից դեպի Սարդարաշենի ու Խնապատի հանդամասեր մխրճվելու թշնամու նկրտումները, հուշարձանագետի խոսքով, պարզ տեսանելի են։ Իսկ թե դա էլ իր հերթին ինչ վտանգներով է հղի, մանրամասնելու կարիք չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր