Հայ Առաքելական եկեղեցու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս- Քրիստոսի մոնումենտալ արձանը կառուցելու նախաձեռնության վերաբերյալ հայտարարությունը տարբեր հարցեր է առաջացնում։ Ինչո՞ւ Եկեղեցին, որն ավելի վաղ ուներ դրական վերաբերմունք, ամիսներ անց փոխեց իր դիրքորոշումը։ Հանրությունն իրավունք ունի իմանալու, ովքեր են խորհրդի այն անդամները, որոնք դեմ են արտահայտվել Քրիստոսի արձանի կառուցմանը։ Հայտնի է, որ խոսքը 11 եկեղեցականի և 5 աշխարհիկ ներկայացուցչի մասին է, բայց ընդամենը թվային այս տվյալներով սահմանափակվել Մայր Աթոռը իրավունք չունի։ Հստակ անուններ են պետք, որոնք առավել խորքային կարող են ներկայացնել Եկեղեցու դիրքորոշման կտրուկ փոփոխությունը։
Ի վերջո պատմությունից է հայտնի, որ արձանաշինությունը մշտապես մաս է կազմել հայ եկեղեցուն, հետևաբար մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում Մայր Աթոռի հայտարարության այն հատվածը, թե երբեք էլ Եկեղեցու համար ընդունելի չէ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։
Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Հայաստանի տարբեր հատվածներում, տարբեր եկեղեցիների բակերում տեղադրված են հայտնի պատմիչների արձաններ, Մխիթար Գոշից, մինչև Վազգեն Ա և այլն։
Կարող է տպավորություն ստեղծվել, թե Եկեղեցին դեմ է հենց Քրիստոսի արձանի տեղադրմանը, բայց այստեղ էլ խորհուրդը ազնիվ չէ։ Դեռևս 20 տարի առաջ Հայաստանում, ավելի կոնկրետ Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցում, որը կառուցվել է 2002 թվականին, երեք տարի անց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվեց, և իր դռներն է բացել բոլոր հավատավորների առաջ, այդ օրվանից հետո եկեղեցու հարևանությամբ՝ բլրի վրա տեղադրվել է Հիսուս Քրիտոսի տուֆակերտ արձանը։ Այն ունի երկու մետր բարձրություն։ Արձանի գլուխը վնասվել էր, որից հետո քանդակագործը իր սեփական նախաձեռնությամբ այն վերանորոգել է։ Հետո, դարձյալ այն կոտրել են։ Հիմա արձանի ճակատագիրն անորոշ վիճակում է։
Արդյո՞ք Գարեգին Երկրորդը տեղյալ չի եղել, որ իր ձեռամբ օծված եկեղեցու հարևանությամբ վաղուց արդեն տեղադրված է Հիսուս- Քրիստոսի արձանը, որը վանդալիզմի պատճառով վնասվել է։ Գուցե այս հանգամանքն առավել խորհելու տեղիք պետք է տար, բայց հիմա ընդունված է բոլոր երևույթներին գոնե աշխարհիկ, բայց «հերթապահ» դարձած մեկնաբանություն տալ՝ իրավիճակ է փոխվել։
Եկեղեցին էլ հետեւաբար բացառություն լինել չէր կարող։