Մոտավորապես մեկ ամիս է՝ ինչ թշնամին սադրանքների է գնում Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղում, և երկու շաբաթ է ինչ ներխուժել է Արցախի Փառուխ գյուղ ու իր տիրապետության տակ է վերցրել Քարագլուխ կոչվող բարձունքի մի հատվածը։
Իհարկե ռուս խաղաղապահների միջամտությամբ թշնամի Ադրբեջանը դուրս եկավ Փառուխից, բայց այնտեղից տարհանված բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայր, քանի որ այնտեղ այժմ էլ վտանգավոր է՝ չնայած նրան, որ գյուղը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Խրամորթ գյուղից ևս կանայք ու երեխաները տարհանվել են, իսկ տղամարդիկ շարունակում են իրենց մասով ապահովել գյուղի անվտանգությունը։
PressTime.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ պարզելու, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է Ասկերանի շրջանում։
Տիկին Հակոբյան, այս օրերին Արցախում ինչպիսի՞ իրավիճակ է, այն շարունակո՞ւմ է լարված մնալ։
-Նույն լարված վիճակն է, լարվածությունը որևէ կերպ չի պակասել, հակառակը՝ այս անորոշ վիճակը լարվածությունն ավելի է մեծացնում։ Որևէ փոփոխություն չկա, որովհետև շատերը տարակուսում են, որ սա քաղաքական լուծում պիտի ունենա։
Կողմերը չեն բանակցում իրար հետ կամ համաձայնության չեն գալիս։ Ամեն դեպքում հիմա շատ ավելի ծանր է՝ քան մենք պատկերացնում ենք, այսինքն սրանք զուտ գործողություններ չեն։
Ասկերանի երկու գյուղերի կանայք ու երեխաները դեռ տարհանվա՞ծ են։
-Խրամորթի ու Փառուխի բնակիչներն՝ այո, դեռ տարհանված են, ինչը բնական է։
Այս գյուղերի պաշտպանության համար ջոկատներ կազմվե՞լ են։
-Դա հենց ամենասկզբից, երբ մեր ՊԲ-ն, ռուս խաղաղապահներն իրենց համապատասխան գործով էին զբաղվում։ Չեմ կարծում՝ 21-րդ դարում պարտիզանական շարժումը տեղին է, բայց այդ բնակավայրերի տղամարդիկ, այո, կազմել են ջոկատներ։
Առհասարակ այդ գյուղերի տղամարդիկ չեն լքել գյուղը, հակառակը՝ նրանց են միացել իրենց ընկերները, բարեկամները, նաև Խրամորթից երկար տարիներ բացակայած խրամորթցի տղամարդիկ են եկել իրենց համագյուղացիների կողքին կանգնելու։ Այո, իրենք պատրաստ են ամեն վայրկյան դիմակայելու, այսինքն՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու։
Այս օրերին Հայաստանից ովքե՞ր են Ձեզ հետ կապ հաստատում կամ ովքե՞ր են գալիս Արցախի Հանրապետություն՝ աջակցելու նպատակով։
-Միայն ընդդիմադիր ուժերից են գալիս, և՛ «Հայաստան» դաշինքից, և՛ «Պատիվ ունեմ»-ից։ ՀՀ մեր պատգամավոր գործընկերներից շատերն են այս օրերին այցելում Արցախ, բազմաթիվ լրագրողներ են գալիս, բայց իշխանական կողմից արձագանք չկա։
Իրենք վախենում են Արցախից, իրենց տիրոջ առաջ երդում են տվել ոտք չդնել Արցախ, իսկ ընդդիմադիր դաշտից շատ են գալիս, չեմ ուզում թվարկեմ և հանկարծ ինչ-որ մեկի անունը չասեմ։ Շատերն են գալիս ու հաճախակի են այդ այցելությունները։
Եթե շատերի մոտ հանկարծ այնպիսի տպավորություն կլինի, որ՝ դե լավ եկան, պտտվեցին, գնացին, ապա այդպես չէ, մենք դրա կարիքը շատ ունենք։
Մենք Հայաստանի մեր հայրենակիցների կարիքը շատ ունենք, որովհետև դա ամեն անգամ ցույց է տալիս, որ մենք մենակ չենք, որ մենք միասին ենք, որ մեր խնդիրն այսօր մեկն է՝ ունենալ խաղաղություն՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում։
Այս օրերին Խրամորթից մշտական հեռացող ընտանիքներ եղե՞լ են։
-Չեմ կարող ասել։ Ես չեմ կարող որևէ բան փաստել, բայց ինձ համար ուրախացնող է այն հանգամանքը, որ անկախ խուճապ տարածողների թափած ջանք ու եռանդից, շատերն ավելի վստահ էին ասում, որ չեն լքելու Արցախը։
Իսկ խուճապ տարածողները ոչ միայն սովորական մարդիկ էին, այլև իշխանական լրատվամիջոցներն էին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որն արեց Կառավարության նիստի ժամանակ։ Նրանց փորձը հակառակ էֆեկտ տվեց։
Այսինքն՝ մարդիկ հասկացան, որ պատերազմից հետո ավելի կապված են հողին, քան՝ մինչ այդ։ Իհարկե, կլինեն ընտանիքներ, ովքեր գնացել են ու գուցե չվերադառնան, բայց նույնիսկ եթե կան չնչին տոկոս է։