00:00:00

«Բաքվի ցինիկ եւ լկտի պատասխանը կարող է նվերի վերածվել մեզ համար»

15:32, 27 մարտ 2022 Բլոգ

Աշխարհաքաղաքականությունը մի կողմ, առանձին ազգերի, ժողովուրդների մտածողությունն ու հատկանիշները մի կողմ: Ադրբեջանցուն լավ ճանաչողները վստահ էին, որ Իլհամ Ալիեւը չի կարող իրեն զսպել եւ չի կարող հերթական անգամ չկատարել Անկարայից եկող հրահանգները եւ օգտվելով Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններից, չի փորձի բարելավել դիրքերն Արցախում, միաժամանակ շանտաժի ենթարկելով Ռուսաստանին՝ դնելով նոր պահանջներ:

Թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց բնորոշ այս գծի պատճառով շատ են տուժել, բայց եղել է, որ նաեւ շահել են: Տուժել են, երբ հակառակ կողմում միտք է եղել, համախմբված եւ վճռական գործողություններ, շահել են, երբ հակառակ կողմը ոչինչ չի արել կամ հույսը դրել է միայն այլ ուժերի, բայց ոչ իր վրա:

Այն, որ Արցախում մարտի 8-ից սկսած ադրբեջանցիների գործողություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնհայտ էր: Բաքուն մի կրակոցով ցանկանում է երկու նախաստակ սպանել՝ Արցախը վերջնականապես զրկել հայ բնակչությունից, միաժամանակ դուրս մղել Հարավային Կովկասից Ռուսաստանին: Իհարկե, վերջին միամիտը պետք է լինել, չհասկանալու համար, որ այս գործողություններն ուղղորդվում են Անկարայից, իսկ նրանցն էլ այն կենտրոնից, որն այսօր խնդիր է դրել թուլացնել եւ խեղդել ռուսաստանյան պետությունը:

Ռուսաստանում այս ամենը հասկացան եւ հանդես եկան ավելի քան պարզ հայտարարությամբ, որն ուղղված էր եւ Բաքվին, եւ Անկարային: Կրեմլից ադրբեջանցիներին եւ թուրքերին մեսիջ ուղարկեցին. մենք քաջատեղյակ ենք, որ ձեր գործողություններն ուղղված են նախ եւ առաջ Ռուսաստանի դեմ:

Թուրքիան իր դեմքով խուսափում է Ռուսաստանի դեմ որեւէ գործողություն իրականացնելուց, անգամ փորձում է ստանձնել միջնորդի դեր, միաժամանակ Ադրբեջանին որպես գործիք օգտագործում՝ Մոսկվային հարվածելով թիկունքից:

Այս ամենը տեսնում են Մոսկվայում, եւ Ուկրաինայում պատերազմական գործողության ավարտից հետո թուրքերն ու ադրբեջանցիներն անպայման պետք է բացատրություններ տան, եւ ոչ միայն: Ու այստեղ կրկին հարց է առաջանում՝ իսկ դրանից ի՞նչ ենք շահելու մենք: Իհարկե, մենք կկարողանանք մեծ օգուտ քաղել, եթե Հայաստանում ունենանք իշխանություն, որը հանդես չի գա վախի դիրքերից, որը կհասկանա եւ կգիտակցի, թե որն է Հայաստանի իրական շահը, որը չի հրաժարվի Արցախից եւ նրա անվտանգության երաշխավորությունից, որը խաղաղության դարաշրջան չի բացի մի երկրի հետ, որը չի թաքցնում, որ իր նպատակն Արցախը ոչնչացումն է, վերացումը:

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ոչ այնքան ուսումնասիրության է արժանի Արցախում կատարվող իրադարձությունների վերավերյալ ՌԴ պաշտպանության նախարարության եւ արտգործնախարարության հայտարարությունները, որքան դրան հաջորդած ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը:

Ստիպելով Ադրբեջանին անել նման հայտարարություն, Թուրքիան պարզապես այրեց իր հովանավորյալ երկրին: Արդրբեջանը վառվեց:

Միայն այն, որ Ադրբեջանը համարձակվել է նման տոնով պատասխանել, անգամ դասեր տալ Կրեմլին, պաշտոնական Բաքվի համար ծանր, մեղմ ասած, ծանր հետեւանքներ են ունենալու, անկախ Արցախի խնդրից եւ հայ-ռուսաստանյան հարաբերություններից:

Ավելին, Ադրբեջանն իր այս հայտարարությամբ ոչ միայն պատասխանեց, հակադարձեց, դեմ դուրս եկավ Ռուսաստանին, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, կոչ անելով այլեւս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը, քանի որ այն այլեւս գոյություն չունի:

Դժվար է ասել, թե ինչ հաշվարկներով առաջնորդվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը գնալով այս քայլին, բայց այսքան ցինիկաբար, այսքան լկտիաբար ամբողջ աշխարհի առաջ հայտարարել, որ նպատակը Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացումն է, իր հայ բնիկ բնակչությամբ, առնվազն արկածախնդրություն էր:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մենք Ադրբեջանի հայտարարությունը պետք է բռնեինք եւ թափահարելով շարժվեինք առաջ: Մենք արդեն այս րոպեից, այս վայրկյանից պետք է Ուկրաինայով ամբողջովին տարված աշխարհին հանգամանորեն բացատրենք, թե որն է Ադրբեջանի նպատակը, օգտագործելով հենց նույն Ադրբեջանի վերոհիշյալ հայտարարությունը:

Ամփոփելով մեկ անգամ եւս ընդգծենք, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի հանձնարարությամբ ոչ միայն դասեր տվեց, նկատողություն արեց Ռուսաստանին, այլ նաեւ նույն Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ասաց՝ իմ նպատակը Արցախի հարցի լուծումը չէր եւ չէ, այլ Արցախի եւ այնտեղ ապրող հայ ժողովրդի բնջանջումը, հայկական բոլոր պատմաճարտարապետական կոթողների վերացումը կամ աղվանացումը:

Եթե մենք այս ամենից չօգտվենք, ուրեմն…

Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր