00:00:00

Զաքարյան. ՌԴ-ի հետ ՀՀ-ի ռազմավարական գործընկերությունը վերականգնման եւ վերաիմաստավորման կարիք ունի

17:40, 19 մարտ 2022 Քաղաքականություն

Միջազգային մամուլից, խոշոր վերլուծական կենտրոններից եւ օրեցօր տեղի ունեցող դանդաղ, բայց հստակ աշխարհաքաղաքական փոփոխություններից դատելով՝ կարող ենք վստահորեն ասել, որ մի քանի ամսից մենք ապրելու ենք նոր աշխարհակարգի պայմաններում։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, «Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» համաժողովին ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ավարտվում է եվրոպական անվտանգության ճարտարապետության դարաշրջանը, որը սկսվել էր 1974 թ. եւ ամրագրվել Հելսինկյան եզրափակիչ ակտով, քանի որ Արեւմուտքը, ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով, սկսել է կոպտորեն ոտնահարել Ռուսաստանի Դաշնության ռազմավարական եւ կենսական շահերը։ Դա ակնհայտ էր 2014-ին: Մի քանի անգամ քաղաքական սրացումներ եղան։ Ռուսաստանի Դաշնությունը, հաշվի առնելով Ուկրաինայի հետ բազմաթիվ փոխկապակցված հարաբերությունները, քաղաքական, դիվանագիտական ​​միջոցներով փորձեց զերծ մնալ ռազմական բախումներից, բայց, ինչպես ասում են, այնտեղ, որտեղ ավարտվում է (իսկ Արեւմուտքն այնպես արեց, ոքաղաքականությունն անպայման ավարտվի) քաղաքականությունը, սկսվում են ռազմական գործողությունները, եւ ռազմական գործողությունները սկսվեցին»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ որոշ ժամանակ անց՝ կանխատեսելի ռազմական գործողությունների ավարտից հետո, կսկսվի ամենաբարդ քաղաքական կարգավորումների եւ ամենաբարդ տնտեսական հարաբերությունների ու միջազգային վերակառուցման դարաշրջանը։

«Ես ավելի քան վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի ներսում 30 երկրներից մի քանիսը` Ռուսաստանին հարեւան երկրներից, Արեւելյան Եվրոպայի երկրները, Բալթյան երկրները, ՆԱՏՕ-ի հետ կշփվեն միայն քաղաքական հարցերով եւ կանցնեն ռազմական համագործակցության չեզոքության, այսինքն՝ դա շատ մեծ դաս կլինի շատ ու շատ հարաբերությունների մասով»,- ասաց նա:

Քաղաքական գործիչը նաեւ վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ 56 անդամ երկրների երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում քաղաքականության արմատական ​​կամ մասնակի վերանայում տեղի կունենա, G7 ձեւաչափի առաջնահերթությունը կփոխարինվի G20 ձեւաչափի առաջնահերթությամբ, քանի որ «միաբեւեռ տնտեսության դարաշրջանն արդեն ավարտվել է եւ բազմաբեւեռ տնտեսական կենտրոններ են հայտնվում»։

Զաքարյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Գերմանիան եւ Ֆրանսիան կփորձեն ԵՄ-ն առեւտրատնտեսական կենտրոն եւ տնտեսական ու քաղաքական գործոն դարձնել, մինչդեռ Ուկրաինան եւ Վրաստանը ՆԱՏՕ-ում  երբեք չեն հայտնվի:

Նրա կարծիքով՝ փոփոխությունները կանդրադառնան նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական կազմի վրա, Հնդկաստանը կստանա ամենակարեւոր դերը, կսրվի մրցակցությունը Թուրքիայի եւ Իրանի միջեւ, միջազգային ֆինանսական կառույցները վերանայման կենթարկվեն։

«Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինելու վերակառուցել, վերանայել իր արտաքին քաղաքականությունը, որը կառուցվել էր բազմավեկտոր մոտեցման հիման վրա 2008-2018 թթ., փոխլրացման հիման վրա՝ 1998-2008 թթ., եւ որը կառուցվել է հիմարության, տգիտության, կներեք արտահայտությանս համար, խաբեության, կեղծիքի վրա 2018-2022 թթ.: Թե ինչ ենք կորցրել եւ ինչի ենք հասել, բոլորս գիտենք, իսկ թե ինչ պետք է անենք, դա է մեր կարեւորագույն խնդիրը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը վերականգնման ու վերաիմաստավորման կարիք ունի, իսկ «կապիտուլյանտ իշխանություններով Հայաստանը պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ Արեւմուտքին, ոչ ինքն իրեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր