Զելենսկին, դիմելով ԱՄՆ Կոնգրեսին, հերթական անգամ կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել Ուկրաինայի երկնքում, կամ գոնե ավելի կատարելագործված հակաօդային համակարգեր եւ այլ սպառազինություններ տրամադրել, հայտնում է CNN-ը։
«Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելը, մարդկանց փրկելը, մի՞թե դա շատ է: Մարդասիրական, ոչ թռիչքային գոտի, որպեսզի Ռուսաստանը չկարողանա այն [օգտագործել] ահաբեկչության համար մեր ազատ քաղաքներում։ Եթե դա շատ բարդ է, մենք առաջարկում ենք այլընտրանք: Դուք գիտեք, թե մեզ ինչ պաշտպանական համակարգեր են պետք՝ Ս-300 եւ դրանց նման այլ համակարգեր։ Գիտեք, թե որքան բան է կախված մարտի դաշտից, ավիացիան օգտագործելու կարողությունից։ Հզոր, ուժեղ ավիացիա՝ մեր ժողովրդին, մեր ազատությունը, մեր հողը պաշտպանելու համար», - ասել է նա ԱՄՆ օրենսդիրներին:
«Ինքնաթիռներ, որոնք կարող են օգնել Ուկրաինային, օգնել Եվրոպային, եւ դուք գիտեք, որ դրանք կան, եւ դուք ունեք դրանք: Բայց դրանք Երկրի վրա են, ոչ թե ուկրաինական երկնքում: Դրանք չեն պաշտպանում մեր ժողովրդին»,- հավելել է նա։