«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնդաիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի եզակի կայացած ոլորտներից մեկում՝ բանկային համակարգում վերջերս տեղի է ունեցել բավական խորհրդավոր գործարք։
Փոխվել է բավական վատ ֆինանսական վիճակում գտնվող (համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների) Հայբիզնեսբանկի սեփականատերը։
Այս պահին Հայաստանում գործում է առևտրային բանկ, որի փաստացի սեփականատեր է հանդիսանում է կենտրոնական բանկը։ Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։
ԿԲ օրենքի համաձայն արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել։ Արդյունքում ԿԲ ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռքբերել։
Այս փաստը բացառիկ է Հայաստանի բանկային համակարգի պատմության ընթացքում։ 90-ականներին եղել են պետական մասնակցությամբ բանկեր՝ հիմնականում խորհրդային միությունից մնացած, որոնք մասնավորեցվել են։ Բայց այն, որ կենտրոնական բանկը ձեռք բերի մասնավոր բանկի բաժնեմաս, չունի որևէ բացատրություն։
“Բնակարան երիտասարդներին” վարկային կազմակերպությունը իրականացնում է բացառապես վերաֆինանսավորման գործառույթ և անհասկանալի է այս ընկերության կողմից բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը։
Ո՞րն է եղել փաստացի կենտրոնական բանկի կողմից բանկի բաժնետեր դառնալու նպատակը։
Ինչու՞ շվեյցարական ընկերությունը ձեռք չի բերել 100% բաժնեմասերը։
Ինչքա՞ն է կենտրոնական բանկի գումարներից վճարվել առևտրային բանկի բաժնեմասի ձեռքբերման համար։ Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի առկայությունը այս գործարքը դարձնում է ոչ թափանցիկ՝ ակնհայտ շահերի բախման ուղեկցմամբ։
Ի դեպ, մի քանի օր առաջ բանկի խորհրդի անդամ է նշանակվել Տիգրան Ավինյանը։ Շվեյցարացի ներդրողները և ԿԲ ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդում՝ 75%-25% հարաբերակցությամբ։ Ընդհանրապես, բանկի խորհրդի անդամ են նշանակվում սեփականատերերի ներկայացուցիչները կամ բանկային ոլորտում բարձր հեղինակություն ունեցող անձինք։ Հակված եմ մտածելու, որ շվեյցարացի ներդրողները բարձր են գնահատել Ավինյանի՝ 10 տարի առաջ բանկերից մեկում վարկային մասնագետի փորձը։
Համաձայն շրջառավող որոշ լուրերի հենց այս բանկն էր նախկինում իշխանական ազդեցություն ունեցողների կասկածելի գործարքների միջնորդ բանկը, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական խնդիրների։
Հուսով եմ, կենտրոնական բանկը կտա պատշաճ մեկնաբանություն այս խորհրդավոր գործարքի մասին, իսկ իրավապահ մարմինները այս փաստերը առնվազն կուսումնասիրեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերի շրջանակներում»։