Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի…Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը…
Ի՞նչ անենք…..
Դժբախտաբար՝ հայ ծնվելու համար, ոնց որ թե հայ ծնվածների մեջ էլ կան մարդիկ, որոնք մեր թշնամիների և «ոչ թշնամիների» չափ ուրախ չեն, որ հայ են, և որոնք էլ ջանք չխնայեցին պիտանի լինելու, որպեսզի բոլորս վաստակենք մուրացած «խաղաղագույն» պարտությունը….
Ինչևէ….անցնեմ բուն թեմային…
Երբեք հասարակական, առավել ևս քաղաքական ակտիվում չեմ հայտնվել և չեմ հայտնվելու, բայց, չգիտեմ ինչու, վերջին իմացածս լուրը, որ Հայաստանում պետք է տեղի ունենա եվրախոհրդարանական ինչ-որ ժողով, որին պիտի մասնակից լինի նաև մեր դեմքին դեռ չավարտված պարտություն շպրտած հարևան Ադրբեջանի պատվիրակությունը այլ «ոչ թշնամի» պետությունների պատվիրակությունների հետ միասին, մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթին` որպես հայ ծնվելուս համար Տիրոջը շնորհակալ մարդ…
Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով՝ որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»
Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու…հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու:
Եվ որքան էլ ինքս գիտակցում եմ, որ, ցավոք, մեր շերեփը ժամանակավոր նորից թղթե է, այնուհանդերձ երկաթյա դարձնելու ելքը համարում եմ այդ պատվիրակություններին որևէ կերպ հասկացնել, որ, ի տարբերություն ձեզ վախից ժպտացող և հայ (իրենց դեպքում) առաջացած լինելու համար չուրախների, մենք հարցեր ունենք ձեզ տալու:
Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի….
Մենակ չենք լինի»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհվել է նաև Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: