Արարատ Մինասյանը 15 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն: Մի քանի տարի անց, երբ Արարատը պիտի զորակոչվեր բանակ, որոշեց, որ պիտի հայրենիքում ծառայի:
20-ամյա հերոսի մայրը՝ Գայանե Մանուշակյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է` որդին շատ էր ոգևորվել, որ ծառայելու է հայրենիքում. Արցախում կծառայեր, թե Հայաստանի որևէ այլ բնակավայրում՝ ամենաքիչն էր Արարատին հետաքրքրում, կարևորն այն էր, որ հայրենի երկրի սահմաններն իրեն էին վստահելու:
«Արարատս 2019թ.-ին զորակոչվեց բանակ՝ Ներքին Հոռաթաղի հակատանկային դիվիզիոնում, մեծ ոգևորությամբ գնաց ծառայության: Ամուսինս Գետաշենից է, Արարատս կատակով ասում էր՝ գնալու եմ մեր Գետաշենը ազատագրեմ: Մի օր չբողոքեց, չասաց՝ մամ, էստեղ վատ է: Ասում էր՝ մամ ջան, դու արխային եղիր, էստեղ ամեն ինչ շատ լավ է: 1 տարի 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Չորս ամսից պիտի իմ տղեն տանը լիներ, եթե չլիներ պատերազմը: Ո՜նց էինք սպասում էդ օրվան… ասում էր՝ ծառայեմ գամ, աշխատեմ, որ ամուսնանամ: Շատ լավ էր ծառայում, բազմաթիվ խրախուսանքների է արժանացել: Ընկերասեր և նվիրվող էր… մենք շատ բաներ իմացել ենք Արարատիս զոհվելուց հետո»,- պատմում է հերոսի մայրը:
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Թալիշի մարտական դիրքում: Թեժ մարտերից հետո Արարատը մնացել է դիրքում մենակ, բայց դիրքը չի լքել և դրա մասին տեղյակ է պահել հրամանատարներին և հետո միացել Թալիշը պաշտպանող մյուս զորամիավորումներին: Զոհվել է սեպտեմբերի 28-ին, հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: