00:00:00

Զինվորն օրեր շարունակ բացակայել է զորամասից, սակայն հրամկազմն այդ մասին տեղյակ չի եղել. Միայն 4-րդ օրն են ծնողներին ասել, որ իրենց որդին անհետացել է

23:59, 15 հունվար 2022 Հասարակություն

Զինվորն օրեր շարունակ բացակայել է զորամասից, սակայն հրամկազմն այդ մասին տեղյակ չի եղել. Միայն 4-րդ օրն են ծնողներին ասել, որ իրենց որդին անհետացել է. Արդեն 8 ամիս է նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։ Ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021թ մայիսի 14-ից հարազատները լուր չունեն։ Զինծառայողի հարազատների ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ և Ռազմական ոստիկանություն՝ սպայական կազմի անփութության պատճառով զինվորի անհետացման հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։ Զինծառայող Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ փետրվար ամսին, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է համարվում 2021թ մայիսից, երբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում լարված իրավիճակ էր, Ադրբեջանի ԶՈՒ-երը հատել էին ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ մամուլում շրջանառվող տեսանյութերից երևում էր, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք տեղի ունենում։ Զինվորի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել հենց զինվորը՝ Նորիկ Մկրտչյանը, ու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատավարության այս փուլում ներկայացված ցուցմունքներին, դիրքորոշումներին ծանոթ չեն, միևնույն ժամանակ՝ միջնորդություն է ներկայացվել քննիչին՝ գործի նյութերը, այդ թվում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ, ինչից մոտավորապես պարզ կլինի, թե ինչ հիմքերով, ինչ ապացույցների հիման վրա է ընդունված որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Փաստաբանը հայտնեց, որ ծնողին որևէ տեղեկատվություն չեն փոխանցել, որևէ արժեքավոր ապացույց չունի ծնողը, անգամ՝ ինքնակամ զորամասը լքելու վերաբերյալ, ավելին, կարծես թե միտում կա՝ ծնողին անուղղակի գործողություններով քննության ընթացքից հեռացնելու։ «Անգամ չեն ասում այն զինվորների տվյալները, որոնց հետ ծնողը կարող է խոսել։ Ասում են՝ հինգ-վեց հոգով վրանում քնած են եղել վերջին օրը, սակայն դա ևս հակասական է, այլ տվյալներ էլ կան, բայց անգամ չեն ասում՝ ովքեր են եղել այդ հինգ-վեց հոգին, որ ծնողը մոտենա և հարցնի, թե ինչ պայմաններ են եղել, վերջին անգամ որտեղ են տեսել տղային։ Դա նախաքննության գաղտնիք չէ, ծնողն իրավունք ունի իմանալու՝ թե՛ քննիչից, թե՛ հրամանատարական կազմից՝ ինչ է կատարվել, բայց քննությունը տարվում է այն ուղղությամբ, որ ինքնակամ լքել է զորամասը և այլ վարկած առաջ չեն քաշում. ութ ամիս քննություն իրականացնելով, բայց գործի համար էական նշանակություն ունեցող որևէ էական արդյունք չունենալով՝ չեն մտածում, որ միգուցե այլ հանգամանք է այստեղ»,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ տեղեկություններ կան, որ զինվորին ինչ-որ բան են ներարկել, խոսակցությունները բուժանձնակազմից հերքել են, ասում են՝ ջերմություն է ունեցել Նորիկը, բայց ծնողի հետ այդ օրը խոսել էր և որևէ նման բան չէր ասել։ Մասնավորապես, զինծառայողներից մեկն ասել է, որ տեսել է, որ Նորիկ Մկրտչյանը ջերմություն է ունեցել, բուժաշխատողն ասել է, որ պետք է ներարկում կատարի, իսկ թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել՝ հայտնի չէ և, ըստ փաստաբանի, հենց այդ մանրամասներն է ստիպում, որ ծնողին ետ պահեն քննությունից։ Իսկ թե ինչ վարկած ունեն Մկրտչյանի հարազատները՝ վերջինիս անհետացման վերաբերյալ, Վիրաբյանը նշեց, որ այս պահին ինչ էլ կարծեն՝ լինելու է ենթադրությունների մակարդակով, քննությունը պետք է լիներ օբյեկտիվ, որ ութ ամսվա ընթացքում, եթե անգամ զինվորը փախուստի էր դիմել՝ հայտնաբերեին։ «Բացի իրավապահ մարմինների պարտականություններից՝ դա նաև զինվորի անվտանգության հարցն է, որովհետև հնարավոր է, որ այդ տարածքում մոլորվեր և թշնամու տարածքն անցներ։ Շատ հնարավոր է, թեև, ըստ Կարմիր Խաչի պատասխանի, գերեվարվածների մեջ չկա, անհետ կորածների մեջ չկա, մահացածների մեջ չկար։ Միևնույն ժամանակ՝ որևէ մարտական գործողության չի մասնակցել, որ կոնկրետ թշնամու կողմից ինչ-որ խոցելիություն լիներ և դիրքերից 200 մ այս կողմ է եղել։ Ինքն այդ օրը հրաժարվել է դիրք բարձրանալ՝ նշելով, որ ուղղակի վախենում է » ,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ, եթե զինծառայողը ջերմություն ուներ՝ ինչու՞ էին ուզում, որ նա դիրք բարձրանա։ Փաստաբանը հակված է մտածելու, որ Մկրտչյանը հրաժարվել է բարձրանալ մարտական դիրք՝ հոգեբանական խնդիրների պատճառով, քանի որ պատերազմից հետո առաջին զորակոչով ծառայության մեկնած զինծառայողներից էր և պետք է առաջին անգամ դիրք բարձրանար՝ այն դեպքում, երբ մայիսյան համապատասխան գործողություններ էին իրականացվում այդ տարածքում։ «18 տարեկան զինվորը գուցե հոգեբանորեն չէր կարողանում հաղթահարել, առաջին անգամ բարձրանալ՝ հենց դեմ առ դեմ, եթե հիշում եք, այնտեղ ծեծ ու ջարդ էր, ուղղակի հրաժարվել է մասնակցել այդ գործողություններին։ Լավ, եթե անգամ հրաժարվել է, զորամասն ինքնակամ լքել է, փախուստի է դիմել՝ գտեք։ Ամբողջ Հանրապետությունով մեկ հետախուզում է հայտարարված, ինչ գործողություն է կատարվել։ 18 տարեկան զինվորն ինչպե՞ս կարող էր առանց ծնողի աջակցության, առանց գումարի, առանց կապի միջոցի ութ ամիս շարունակ թաքնվեր, հատկապես՝ ձմեռային պայմաններում»,- նշեց Վիրաբյանը։ Ինչ վերաբերում է համածառայակիցների հետ հարաբերություններին, փաստաբանը հայտնեց, որ ծնողը երբևէ որևէ խնդրի մասին տեղեկացված չի եղել, կոնֆլիկտային չի եղել բնույթով, որևէ առումով խնդիր չի ունեցել։ Փաստաբանի գնահատմամբ՝ սպայական կազմը պատշաճ հսկողություն չի իրականացրել, զինծառայողը ծնողի հետ վերջին անգամ խոսել է մայիսի 14-ին, այդ օրվանից մինչև մայիսի 18-ը կապ չի եղել ծնողի հետ և ծնողը վստահ է, որ դեպքը տեղի է ունեցել հենց մայիսի 14-ին։ «Այսինքն, եթե ընդունենք, որ զինվորն անհետացել է, հրամկազմը տեղյակ չէ, չորս օր շարունակ զինծառայողի բացակայության մասին տեղեկություն չեն ունեցել, միայն չորս օր հետո հայտնում են ծնողին, որ իրենց որդին չկա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ, թեև միջադեպեր են եղել սահմանին, բայց իրավիճակը պատերազմական չէր և սպայական կազմը չէր կարող չհասկանալ, որ զինվորը բացակայում է։ «Ծնողին պատասխանել են, որ այդ օրերին «բարդակ» էր տիրում և ոչ մեկ չի կարող ասել, թե երբ է եղել, երբվանից չկա, պատասխանատվություն չեն կրում։ Կներեք, եթե ծնողը դեպքից երեք ամիս առաջ ասեր, որ, քանի որ «բարդակ» է տիրում և իմ երեխայի համար պատասխանատվություն չեք կրում, ես իմ երեխային չեմ թողնում զինվորական ծառայության, կհասկանայի՞ն ծնողին»,- ընդգծեց փաստաբանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր