ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի կմեկնի ԱՄՆ։ Խորհրդարանի ղեկավարը Վաշինգտոնում կլինի հունվարի 15-ից՝ 20-ը։ Սիմոնյանն արդեն ընդունել է համապատասխան որոշումը։ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվել է նաև պատվիրակության կազմը։ Ըստ այդմ՝ ԱՄՆ կմեկնեն ԱԺ նախագահը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ նախագահի խոսնակն ու խորհրդատու օգնականը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմից այլ ներկայացուցիչներ։ Ուշագրավն այն է, որ խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններից միայն մեկ հոգի է ներառված պատվիրակության կազմում։ Խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մասին է։ Նա է իշխանականների հետ թռնում ԱՄՆ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է միջազգային պատվիրակություններում իր մասնակցությունից։

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»,- ասված է Սիմոնյանի որոշման մեջ։

Նշենք, որ այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները կիրականացնի փոխնախագահներից Հակոբ Արշակյանը։

Irakanum.am