00:00:00

Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ համաձայնություն կա, մնում է դետալների, մանրուքների շուրջ համաձայնության գան, սակայն Ադրբեջանը դրանով չի սահմանափակվի. փորձագետ

01:26, 13 հունվար 2022

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը ոչ թե միջազգային իրավիճակի հետ է կապված, այլ Ադրբեջանի քաղաքականության հետ։ Անկախ նրանից, թե աշխարհում ինչ կլինի, Ադրբեջանը շարունակելու է սադրանքներ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Փորձագետի խոսքով Ադրբեջանը տեսնում է, որ այդ ճնշումներն արդյունավետ են Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա ազդեցություն ունենալու համար, քանի որ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում՝ դրանք կանխելու ուղղությամբ։ «Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարում արցախյան պատերազմից հետո բանակը նոր զինատեսակներով չի համալրվել, բանակը լավագույն վիճակում չէ, և Ադրբեջանը դա շատ լավ տեսնում ու հասկանում է։ Նրանք անընդհատ շարունակելու են այդ սադրանքները բոլոր այն ուղղություններում, որոնք իրենց համար կարևոր են»,-նշեց փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի առաջնային նպատակը Հայաստանի վրա անընդհատ ճնշում գործադրելն է, քանի որ իրենց համար գերկարևոր խնդիր ունեն, այն է՝ Զանգեզուրի միջանցքի բացումը։ Փորձագետի խոսքով, երբ ադրբեջանցիները տեսնում են, որ գործընթացն ինչ-որ առումով դանդաղում է, շարունակում են նման սադրանքներ կազմակերպել։ «Դա չի նշանակում, որ եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, նրանք կդադարեն սադրանքները։ Իհարկե, չեն դադարի, բայց այս պահին գոնե իրենց առջև հստակ նպատակ են դրել՝ օր առաջ Զանգեզուրի միջանցքը բացելու համար»,-նշեց Արմեն Մանվելյանը։ Հարցին, որ նշանակում է՝ Ադրբեջանը չի՞ պատրաստվում կոմունիկացիաների բացման հարցը քննարկել, քանի դեռ չի բացվել Զանգեզուրի միջանցքը, Արմեն Մանվելյանն ասաց, որ նրանք շարունակաբար կարող են այդ հարցերը քննարկել, և այնպես չէ, որ այդ հանդիպումները չեն կայանա։ «Համոզված եմ, որ այդ հանդիպումները կկայանան։ Ադրբեջանն օրակարգում պարտադիր մեկ խնդիր կդնի՝ Զանգեզուրի միջանցքի բացման հարցը։ Մնացած ճանապարհների բացումը նրանց համար երկրորդական են։ Նրանք դրանցով շահագրգռված չեն»,-ասաց փորձագետը։ Վերջինս նշեց, որ եթե Զանգեզուրի միջանցքի բացումը լինի, միևնույն է, դա Ադրբեջանի վերջնանպատակը չէ։ Փորձագետը վստահ է, որ նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը շարունակելու է սահմանային սադրանքները։ «Սա մի քաղաքական գործընթաց է, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից, բայց այն թելադրվում է և հայկական կողմն այդ օրակարգով է շարժվում։ Քանի դեռ հայկական կողմը, հայկական իշխանությունները շարժվում են թուրք-ադրբեջանական օրակարգով, հասկանալի է, որ ադրբեջանցիները շարունակելու են այն քաղաքականությունը, որն իրենց շահերից է բխում»,-նշեց փորձագետը։ Արմեն Մանվելյանը նկատում է՝ ըստ որոշ տեղեկությունների՝ Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ համաձայնություն կա, մնում է դետալների, մանրուքների շուրջ համաձայնության գալ։ Փորձագետի կարծիքով սահմանային նմանատիպ սադրանքներն ու ճնշումները նպատակ ունեն այդ դետալների հարցում առաջ մղել այն խնդիրները, որոնք ձեռնտու են իրենց։ «Թուրքական կողմը չի էլ թաքցրել, որ գլոբալ առումով իրենց նպատակը քարտեզի վրայից Հայաստանի ջնջումն է։ Ի՞նչն է ստիպելու իրենց կանգ առնել։ Զիջումով խնդիրները չեն լուծվելու։ Այդ ամենն իրենց հետևից նոր խնդիրներ են բերելու, թե ով է այդ միջանցքը վերահսկելու, ինչ զորքեր են այնտեղ լինելու։ Այնտեղ կարող են սադրանքներ լինել, ինչպես նաև միջանցքի պաշտպանության անվան տակ մտնի հայկական տարածք, ավելի խորանա։ Միջանցքը բացելով հարցերը չեն փակվի, դա նոր հարցերի շարան է բացում, Հայաստանի համար ստեղծում նոր խնդիրներ, իսկ Ադրբեջանի համար՝ նոր հնարավորություններ»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր