00:00:00

Զախարովա․ Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունների արդյունավետությունն ակնհայտ է ողջ աշխարհին

22:41, 11 հունվար 2022

Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունների արդյունավետությունն ակնհայտ է ողջ աշխարհին, այն կարող են չճանաչել միայն նրանք, ովքեր չեն հետեւում իրավիճակին։ Այս մասին «Ռոսիա1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքը մեջբերում է RIA Novosti-ն։ «Այդ ակցիայի արդյունավետությունն ակնհայտ է ողջ աշխարհին, այն կարող են չճանաչել միայն նրանք, ովքեր չեն հետեւում իրավիճակին»,- ասել է Զախարովան։ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Նախ երկրի արեւմուտքում գտնվող Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը, ապա բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում եւ վերածվել անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւի՝ երկրում 20.000 ահաբեկիչների առկայության հետ կապված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին դիմելուց հետո որոշում է կայացվել երկիր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր ասել է, որ ՀԱՊԿ զորքերը դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում. «ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի հիմնական առաքելությունն ավարտված է։ Երկու օրից կսկսվի խաղաղապահների դուրսբերումը։ ՀԱՊԿ զորքերը դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում»։ ՀԱՊԿ զորքերի դուրսբերման կապակցությամբ Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն կարեւոր է համարում Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության ավարտը, ակնկալում է ուժերի իրական դուրսբերում իրավիճակի կայունացումից հետո․ «Կարեւոր է տեսնել Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության ավարտը եւ իրավիճակի կայունացումից հետո արտաքին ուժերի փաստացի դուրսբերումը»։ Նա նաեւ նշել է, որ «Ղազախստանին ցուցաբերվող արտաքին ռազմական աջակցությունը պետք է հարգի երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր