Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները հունվարի 7-ին տեղափոխվել են Թիվ 1 տուն ինտերնատին կից գործող մասնաշենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Հմայակ Ղազարյանը։

«Ամսի 7-ին շահառուները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց, իրենց ասացին, որ այլ տարբերակ չկա՝ պետք է տեղափոխվեն, մենք էլ ավտոբուս վարձակալեցինք ու իրենց տեղափոխեցինք։ Հիմա կան շահառուներ, որոնք հետ են գալիս մեզ մոտ՝ իրենց իրերը վերցնելու ու պատմում են, որ այնտեղ պայմանները շատ վատն են։ Ընդամենը երկու զուգարան ունի կացարանը՝ կիսով չափ ջարդված զուգարանակոնքերով։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են մի քանի խմբերով բնակարան վարձակալել»,- ասաց Հմայակ Ղազարյանը:

Նա տեղեկացրեց, որ տեղափոխման հաջորդ օրը 75-ամյա հաշմանդամ շահառուներից մեկը մահացել է. «Մենք իր համար շտապօգնություն կանչեցինք, տարել են այնտեղ, տեղավորվել է ու չգիտեմ, թե ինչ պայմաններում է մահացել, դա արդեն դատաբժիշկները պետք է պարզեն»,- նշեց Ղազարյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի հետ նախարարությունից մեզ հետ զրույցում ասացին, որ այս պահին դատաբժկական փորձաքննություն է ընթանում։ Քաղաքացին մահացած էր հայտնաբերվել հունվարի 8-ի առավոտյան։