00:00:00

«Էմմանուելի ծնունդը սպասված էր ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ գյուղի համար»․ Արմեն Մուրադյան

17:47, 11 հունվար 2022

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդանշական ծնունդ՝ մայրն, ունենալով որդու կորստի ապրումները, ուժ գտավ իր մեջ, և նոր կյանք պարգևեց՝ Էմմանուելը ծնվեց․․․ Տավուշի մարզի երիտասարդ բժշկուհու, ԵՊԲՀ շրջանավարտ՝ Վարդուհի Վարդապետյանի աշխատանքի հուզիչ պահերից մեկը մի քանի օր առաջ՝ հունվարի 6-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբոր` Էմմանուել Մանուչարյանի ծնունդն էր: 44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանը Տավուշի մարզի Հաղարծին գյուղից էր: Նրա եղբոր ծնունդը սպասված էր ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ գյուղի համար: Երեխայի ծնունդն ընդունող բժշկական թիմից Վարդուհի Վարդապետյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը ավարտել է 2009 թվականին, ապա ընդունվել է կլինիկական օրդինատուրա ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ, որն անցել է «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում: Վարդուհի Վարդապետյանն այժմ ղեկավարում է Իջևանի բուժկենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: «Վիրահատությունը ընթացել է հարթ, որևէ խնդիր չի առաջացել, իրապես մեզ համար հրաշք էր: Ծնվել է առողջ երեխա, 3 կգ 700 գրամ քաշով, 51 սմ հասակով: Չեմ կարող հուզմունքս բացատրել, չափազանց մեծ էր պատասխանատվությունը, խորհրդանշական ծնունդ էր: Մայրն, ունենալով որդու կորստի այդ ապրումները, ուժ գտավ իր մեջ, և ծնվեց Էմմանուելը»,- խոստովանում է բժշկուհին: Օրդինատուրան ավարտելով 2013 թվականին Վարդուհին անմիջապես մեկնել է հայրենի քաղաք՝ Իջևան աշխատելու: «Ի սկզբանե որոշել էի, որ պետք է բուհն ավարտելուց հետո անպայման վերադառնամ Տավուշ: Բժշկական համալսարանն իսկապես մայր բուհ է, այն մեզ կայացրել է նախ որպես մարդ, տվել մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, մշտապես գործելու կամք: Դասավանդել են դասախոսներ, որոնք լավագույնս գիտակցում էին սահմանին բժշկագիտությունը զարգացնելու կարևորությունը, խրախուսում մեզ՝ ուսանողներիս, դառնալ դրա մասնակիցը»,- նշում է Տավուշում աշխատող երիտասարդ բժիշկը: Նա վստահ է, որ մարզերում ևս պետք է հավասարապես առաջ գնա բժշկությունը՝ հանգեցնելով ընդհանուր բժշկագիտության բարձրացմանը հանրապետությունում: «Շատ բարդ վիրահատություններ, որոնք չէին կատարվում այստեղ, հիմա Երևանի տարբեր բուժհաստատությունների մեր գործընկերների օգնությամբ, իրականացվում են հենց տեղում: Գալիս են մասնագետները և օգնում ՝ կատարելու այդ վիրահատությունները, և նաև կիսվում իրենց փորձով, վերապատրաստման դասընթացներ անցկացնում»,-ընդգծում է Վարդուհի Վարդապետյանը: Երիտասարդ բժշկուհին ցանկանում է, որ իր գործունեության ընթացքում մարզում շատանան ծնունդները, որ սահմանին մանկան ճիչեր շատ լսվեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր