00:00:00

Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում՝ անտեսելով իր թերությունները․ Արման Թաթոյան

13:18, 10 հունվար 2022

«Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են: Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագության սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում անգամ հավասար պայմաններում. օրինակ՝ միևնույն բնակավայրում): Չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր: Սրան գումարած քիչ չեն դեպքերը, երբ հատկապես Երևանից դուրս չլուսավորված փողոցների պատճառով է, որ արագաչափ սարքերն ու զգուշացնող նշաններն ընդհանրապես չեն երևում: Ճանապարհների գծանշումների (օրինակ՝ հոծ գծերը) բացակայությունը ու մի շարք այլ գործոններ ավելին են սրում խնդիրը և ավելացնում վթարների կամ պարզապես խախտումների ռիսկը: Քանի որ քաղաքացուն տուգանելու հիմքում ամբողջությամբ դրվում են արագաչափերի արձանագրումները, ապա պետք է ապահովվի նաև բավարար կանխատեսելիություն ու կոնկրետություն մարդկանց համար՝ անհիմն տուգանքի չենթարկվելու համար: Լուսավորություն չունեն կամ արտահայտված տեսանելի չեն հետիոտնային անցումները (հարցը հատկապես սուր է մարզերում): Սա էլ իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում թե՛ հետիոտների, թե՛ վարորդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Կան այլ նշանների օրինակներ ևս: Իրականում ճանապարհային երթևեկության հետ կապված պետության գլխավոր նպատակը ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովումն է երթևեկության բոլոր մասնակիցների համար, անհրաժեշտ կանոնների ու կանխատեսելի նշանների առկայությունը: Իսկ այս խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը կանխարգելումն է. այսինքն՝ պետությունը պետք է այնպես անի, որ մարդը կանոնների խախտում թույլ չտա: Հակառակ դեպքում կստացվի պետությունը կանխարգելելու փոխարեն շեշտը դնում է պատժելու վրա: Վերջապես, մարդու իրավունքների լիարժեք երաշխավորումը ենթադրում է պետության կողմից մարդու նկատմամբ իր պարտավորությունների լիարժեք կատարում. հակառակ վիճակը միշտ բացասական է ազդելու ամեն մարդուն վերաբերող իրավիճակներում: Այս ամենից բացի՝ քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար: Մենք կբարձրացնենք այս հարցը և կնախաձեռնենք պետական պատասխանատու մարմիններին ուղղված անհրաժեշտ լուծումների առաջարկներ»,- գրել է Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր