Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հանայնքի Վերին Շորժա բանակավայրի ուղղությամբ 15:30-ից հետո կրակոցներ չեն եղել, գիշերը նորմալ է անցել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Ըստ տեղեկությունների՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել, որի հետևանքով փոխհրաձգություն էր սկսվել հայկական և ադրբեջանական ուժերի միջև։

Ըստ Երանոսյանի՝ չի նկատվել, որ ադրբեջանական կողմը փորձի ինժեներական աշխատանքներ իրականացնել Վերին Շորժա ներխուժած հատվածում ամրանալու, առաջանալու համար։

«Այնտեղ 3 հազար մետր բարձրության վրա ցուրտ, ձմեռ, բուք, քամին չի էլ թողում մեկը մյուսին տեսնի 2 մետրից», — նշեց նա։

Երեկ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որևէ կորստի մասին Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ չի նշվել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը: Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», — նշված էր ՊՆ երեկվա հայտարարության մեջ։