Փարաքարի «Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը այսօր` հունվարի 9-ին, ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին  ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Ավագանու նիստին հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը ՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն:

Դավիթ Մինասյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին: