Այսօր, հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ահազանգողը հայտնել է նաև, որ ինքն այդ տեղեկատվությունը ստացել է մոտ 30 րոպե առաջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և ԱԻՆ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի ծառայողները։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ՝ Վարդան Միրզոյանի, Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փրկարարներին հայտնել են, որ կարիք չկա փրկարարների միջամտությանը, և փրկարարները հետ են վերադարձել ջոկատ։ Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օրվա պատասխանատու հերթապահը զանգահարում է 911 և հայտնում, որ ակումբի տարածքը հավելյալ հետախուզելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին այս անգամ միանում են թիվ 15 փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը։
Տեղազննման արդյունքում պարզվում է, որ ահազանգը կեղծ է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են կեղծ ահազանգի հեղինակին, ով ներկայացել է, որ ինքը լրագրող է և ցանկացել է մտնել գիշերային ակումբ, սակայն նրան թույլ չեն տվել, ինչից հետո «ծալապակասը» կեղծ ահազանգ է տվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: