«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի հարաբերությունները խիստ լարված են։ Ընդ որում Քոչարյանն ու Գևորգյանը հարաբերությունները սառեցրել են դեռ ամիսներ առաջ։ Irakanum.am-ի  տեղեկություններով Արմեն Գևորգյանը տևական ժամանակ է չի մասնակցում անգամ խմբակցության նիստերին։ Նա ներկա չի լինում նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների մասնակցությամբ հանդիպմանը, որը անցկացնում է Ռոբերտ Քոչարյանը։ Այս հանգամանքով է պայմանավորված նաև Գևորգյանի՝ խորհրդարանում դրսևորած պասիվությունը։ Նա վերջին շրջանում գրեթե ելույթներ չի ունենում, հարցեր չի ուղղում։

Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից շատերին ևս զարմացրել է այս հանգամանքը, սակայն վերջիններս չեն ցանկանում մտնել «մատի և մատանու» արանքը և այդ թեմայով որեւէ խոսակցություն չեն բացում, ոչ Քոչարյանի, ոչ էլ Գևորգյանի մոտ։ Սակայն ինչպես հայտնում են մեր աղբյուրները երբեմնի մտերիմներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի հարաբերությունների լարվածության պատճառը Քոչարյանի ոչ հեռանկարային քաղաքական գործունեությունն ու համագործակցությունն է Դաշնակցականների և Վահե Հակոբյանի հետ։ Իսկզբանե Արմեն Գևորգյանը դեմ է եղել նման վերադասավորմանը և խորհրդարանում այս կերպ ներկայացվածությանը։ Չի բացառվում, որ Գևորգյանը դուրս գա «Հայաստան» դաշինքից և հանդես գա, որպես անկախ պատգամավոր։ Անգամ քննարկվում է նրա՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը։

Հավելենք, որ Արմեն Գևորգյանը ներկա չի եղել նաև «Հայաստան» դաշինքի՝ նախորդ տարի նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին։

Irakanum.am