Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ- Նովա պողոտա 25 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Լրացուցիչ ժամանել է ևս 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, ավագ պարեկներ Քրիստինե Միքայելյանի և Արթուր Աջամյանի գլխավորությամբ:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիները:
Փրկարարները շենքից տարհանել են մեծ թվով քաղաքացիների, հրդեհի հետևանքով էլ բնակարանի սեփականատեր, 55-ամյա Նարինե Դ.-ն վերին վերջույթների մակերեսային այրվածքներ է ստացել ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտագնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: