Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի գլխավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի ներկայացուցիչների հետ նոր համագործակցության սկիզբ է դնում։

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր կազմակերպությունների հետ կիրականացվեն համատեղ նախագծեր։ Այս համագործակցությունը նպատակ ունի նոր թափ հաղորդելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ դասական երաժշտության հանրայնացմանը, հայ կոմպոզիտորների հանրահռչակմանը, ՀՀ սահմաններից դուրս հայ կատարողական արվեստը ներկայացնելուն ուղղված առաքելությանը։ Մասնավորապես, պատվավոր խորհրդի անդամի կարգավիճակով նվագախմբի առաջխաղացմանը նպաստելու են «TeamTelecomArmenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, PicsArt ընկերության արտադրական գծով տնօրեն և հիմնադիր-գործընկեր Միքայել Վարդանյանը, ServiceTitan ընկերության համահիմնադիր, նախագահ Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Կարո Արմենը և այլք, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտնի է իր նորարարական նախագծերով, դասական երաժշտության մեջ բարձր տեխնոլոգիական տարրերի, արհեստական բանականության կիրառմամբ, որոնք մեծ արձագանք են ստանում ամբողջ աշխարհում՝ նոր խոսք դառնալով դասական երաժշտության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետաքրքիր սինթեզում։ Այս գործակցությունը կնպաստի նաև դիրքավորելու Հայաստանը մշակութային նորարարությունների աշխարհում, ինչպես նաև ծառայելու հայկական երաժշտական ժառանգության տարածմանն ամբողջ աշխարհում: