00:00:00

Իսրայելում ռազմական ուղղաթիռ է կործանվել. երկու օդաչուները զոհվել են

14:59, 04 հունվար 2022 Պատահարներ

Իսրայելի պաշտպանության բանակի երկու օդաչու է զոհվել երկուշաբթի երեկոյան, նրանց ռազմական ուղղաթիռը կործանվել է հյուսիսային Իսրայելի ափերին, տեղեկացնում է The Times of Israel-ը։ Անձնակազմի երրորդ անդամը փրկվել է եւ հոսպիտալացվել Հայֆա քաղաքի «Ռամբամ» բժշկական կենտրոն՝ միջին ծանրության վնասվածքներով։ Հիվանդանոցում տեղեկացրել են, որ նրա վիճակը կայուն է։ ՑԱԽԱԼ-ի որոնողական-փրկարար թիմերը ջրից դուրս են բերել անձնակազմի մյուս երկու անդամներին եւ վերակենդանացման գործողություններ կատարել, բայց նրանց փրկել չեն կարողացել։ Զինվորականների խոսքով՝ ողջ մնացածը ծովային սպա էր։ Ուղղաթիռի անձնակազմը, որը կործանվել է, սովորաբար կազմված է լինում օդաչուից, երկրորդ օդաչուից եւ ծովային սպայից։ Ուղղաթիռն ընկել է Միջերկրական ծովը, Հայֆա նավահանգստային քաղաքից ոչ հեռու։ Ուղղաթիռն ընկել է ափին բավական մոտ, այնպես որ քաղաքի բնակիչները տեսել են բռնկման բոցը եւ այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը։ Իսրայելի 12-րդ ալիքը տեղեկացրել է, որ ընկնելուց առաջ ուղղաթիռը թռչում էր ոչ մեծ բարձրության վրա։ Կործանման կոնկրետ պատճառը առայժմ հայտնի չէ, բայց, դատելով ըստ ամենայնի, դա ոչ թե գրոհի, այլ տեխնիկական անսարքության հետեւանք է։ Կործանումից անմիջապես հետո արված եւ սոցիալական ցանցերում արագ տարածված տեսագրություններում երեւում են այրվող բեկորները ափից ոչ հեռու։ Տեսագրություններից մեկում երեւում է, որ ուղղաթիռը բռնկվել էր ջուրն ընկնելուց առաջ։ Այլ տեսագրություններում երեւում է, որ ուղղաթիռի ընկնելու վայրում արձակվել են ազդանշանային հրթիռներ, որպեսզի օգնեն որոնողական-փրկարար թիմերին։ Կործանված ուղղաթիռը Eurocopter AS565 Panther էր։ Այդ ուղղաթիռն օգտագործվում է հիմնականում ծովում առաջադրանքների կատարման համար, քանի որ կարող է նստել Իսրայելի ՌԾՈւ հրթիռանավերի վրա։ Ուղղաթիռի բեկորներն ափ են նետվել կործանումից շատ չանցած։ Զինվորականների խոսքով՝ ընկնելու պահին ուղղաթիռը մասնակցում էր զորավարժություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր