00:00:00

Արցախում դիտվում է սուր շնչառական հիվանդությունների տարածման բարձր մակարդակ

23:51, 03 հունվար 2022

Վերջին օրերի ընթացքում, իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Արցախում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ թե՛ ամբուլատոր-պոլի կլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե՛ շտապ օգնության կանչերում՝ տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Օրական գրանցվում է 50-60 կանչ։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների շնչառական վարակներով պացիետների 80%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Ներկա պահին ստացիոնար բուժում է ստանում 38 երեխա: Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ ստացիոնար և ամբուլատոր հիվանդներից իրականացվել է 10 նմուշի լաբորատոր հետազոտություն ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ում ՝վիրուսաբանական լաբորատորիայում, որի արդյունքում 7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպ Ա H3N2 ենթատեսակը: Կլինիկական ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ, թուլություն, կոշտ հազ: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է. 1. խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, 2. եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, 3. եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, 4. մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, 5. հագնվե՛ք եղանակին համահունչ, 6. պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, 7. օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, 8. հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները, 9. հետևե՛ք անձնական հիգիենային։ Հետագա բարդություններից (բրոնխիտ, թոքաբորբ) խուսափելու համար ժամանակին դիմեք բժշկի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր