00:00:00

Ծանր վիրավորմամբ գերեվարված, հայրենիք վերադարձված և կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, նա կարող է ողջ կյանքում հաշմանդամ մնալ․ պաշտպան

22:13, 03 հունվար 2022

Նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցված, հետո կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, ամբողջ կյանքում հաշմանդամություն ունենալու վտանգ է առկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արեն Արամյանը գերեվարվել էր Նոյեմբերի 16-ին մարմնական ծանր վնասվածք ստանալուց հետո։ «Ըստ իր ասելու՝ տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը, որտեղ 2 անգամ վիրահատության է ենթարկվել, ծնկի վնասվածք է, միջանցիկ հրազենային բազմաբեկոր կոտրվածքներով վիրավորում է։ ՀՀ տեղափոխվելուց հետո ստացիոնար բուժման է ընդունվել Մուրացանի հոսպիտալում, որից  հետո դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ և դեկտեմբերի 8-ին կալանավորվել է; Դեկտեմբերի 27-ին քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել կալանքի հետ կապված, այդ ընթացքում Մուրացանից ստացել ենք բժշկի եզրակացությունը, համաձայն որի՝ պարտադիր պետք է ոտքը ֆիքսատորով մեկ ամիս անշարժ մնա։ Բայց այդ ընթացքում մի քանի անգամ ՁՊՎ-ից տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն, բարձրացրել են երկրորդ հարկ, հետո տեղափոխել են Արմավիր ՔԿՀ, հետո նորից բերել են հարցաքննության, այնինչ այդ վիճակում տեղաշարժվելը հակացուցված է»,-մանրամասնեց պաշտպանը։ Արա Կարապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել էր, որից հետո դիմում է, գրել Քրեակատարողական բժշկական ծառայություն, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ հետազոտության, բայց պատասխանը դեռ չեն ստացել։ «Կալանքի նիստին ոտքի պատճառով չի կարողացել ներկայանալ։ Իր բժշկական փաստաթղթերի մեջ նշված է, որ մեկ ամիս ոտքը պետք է անշարժ մնար, որից հետո պետք է անցներ վերականգնողական  բուժում, բայց ՔԿՀ-ում ի՞նչ վերականգնողական բուժում կարող է ստանալ, Դատապարտյալների հիվանդանոց էլ չեն տեղափոխում։ Մի քանի օր էլ այսպես շարունակվեց, պատկերացրեք՝ ինչ բարդություններ կառաջանան, գիտեք՝ ոսկորը, որ կպնում է ինչ բարդություններ են առաջանում։ Մենք անմեղությունը կապացուցենք, հիմա հարազատներին նրա առողջությունն է հետաքրքրում, այդ մարդը մինչև կյանքի վերջ հաշմանդամ կմնա՝ մի ոտքով, չհաշված բարդությունները։ Ո՛չ դատարանը, ո՛չ նախաքննական մարմիները որևէ բան հաշվի չեն առել»,-ասաց նա։ Պաշտպանը մանրամասնեց, որ բողոքարկել էին կալանքի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խափանման միջոց կալանքն անփոփոխ է թողել, հիմա կրկին պատրաստվում են խափանման միջոցի հարցը բողոքարկել։ Ըստ նրա՝ կալանքի հիմնավորումն այն է, թե իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործի վրա։ «Բնականաբար աբսուրդ է, չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ ովքեր գերեվարվել են, մեծ մասը վերադարձել է, հարցաքննվել է, առերեսվել է, բացի մեկից, որը չի վերադարձվել։ Տա Աստված այդ զինծառայողն էլ վերադարձվի, բայց ստացվում է, որ եթե Արենը ազատ արձակվի, անօրինական ազդեցություն կարող է ունենալ այն անձի վրա, ով, ցավոք, դեռևս գտնվում է Բաքվում»,- ընդգծեց նա։ Արա Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենք ունեն փաստեր, որ գերեվարումից առաջ սկզբից իր պաշտպանյալը մարտ է վարել, հետո դիրքում մնացել է միայնակ․ ծանր վիրավոր վիճակում  գերեվարվել է, այդ մասին հրամանատարներն էլ գիտեն։ «Կրկնում եմ՝ վստահ եմ, որ արդարացվելու է, բայց հիմա առողջական վիճակն է մեզ ավելի շատ հետաքրքրում»,- եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր