Այս իշխանություններին թվում է, թե Աշոտ Երկաթին նոր տարուն կալանքի տակ պահելով` իր համար դժվարություն են ստեղծելու: Դուք ունակ չեք դա հասկանալ, բայց Աշոտ Երկաթը առաջնագծում է Նոր տարի դիմավորել, դրանով պետք է իրեն վախեցնե՞ք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այս ակցիան միայն Աշոտ Մինասյանի ազատության համար չէ, այլեւ մնացած քաղբանտարկյալների:

«Ես երկու ուղերձ ունեմ. առաջինը սրանց է` հնարավոր չի մեզ կոտրել կալանավորելով, մեր վրա ոստիկան կամ քննիչ ուղարկելով: Երկրորդ ուղերձը բոլոր նրանց, որոնք իր հրամանով արագ-արագ, շըփ-թըփ գործ են կարում: Գործն էլ որ փլվում է, շարունակում են անազատության մեջ պահել թուրքին կզցրած հրամանատարներին: Ինչ-որ պահի, ու էդ պահը շատ մոտ է, երբ իր հոգեվարքի վերջին փուլը լինի, բոլորիդ ա քցելու, բոլորդ եք հայտնվելու անազատության մեջ: Ինքն ասելու է՝ ես պատասխանատուն եմ, բայց մեղավոր չեմ, իրենք են մեղավորները: Արժի՞ մինչեւ կյանքի վերջ դավաճանի կամակատարի կնիքը կրել սեփական ճակատի վրա»,-ասաց Մամիջանյանը: