Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր են ստորագրել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին։

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել փոքր և միջին չափերի անօդաչու թռչող սարքերի կառուցման, վերահսկման և կառավարման ունիվերսալ համակարգ, որը թույլ կտա ընտրել կոնկրետ խնդրի համար անհրաժեշտ սարքավորումը, իսկ ծրագրային ապահովումը կլինի ունիվերսալ բոլոր կոնֆիգուրացիաների դեպքում։ ԱԹՍ-ները բաղկացած կլինեն մոդուլներից. յուրաքանչյուր մուդուլի համար կլինեն մի քանի այլընտրանքային ֆիզիկական սարքեր՝ կախված լուծվող խնդրից։

Հայ-Ռուսական համալսարանի հայտարարած ծրագրի իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՌՀ-ին կտրամադրի 20 միլիոն դրամ։ Այս ծրագրի իրականացման արդյունքում կհեշտացվի փոքր և միջին չափերի տարբեր ԱԹՍ-ներ կառուցումն իրենց հիմնական ծրագրային ապահովմամբ ու գործառույթներով։

Նախագիծն իրականացվում է Հայ-Ռուսական համալսարանի երկու նոր՝ «Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա», «Անլար հաղորդակցություն և սենսորներ», մագիստրոսական ծրագրերի ուսումնական գործընթացի շրջանակներում։

Ծրագրին մասնակցում են 14 ուսանող, որոնց համալսարանը տրամադրում է ամսական 200.000 դրամի չափով կրթաթոշակ։

 

ՀՌՀ մամուլի ծառայություն