00:00:00

Ալիեւը բացում է խաղաքարտերը․«միջանցք» ասվածը Բաքվի համար իրականում ապաշրջափակման թեմայի հարց չէ․ Հակոբ Բադալյան

01:14, 15 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
Ալիեւը Բրյուսելում հայտարարում է, որ ինչպես Լաչինի միջանցքն է, այդպես էլ պետք է լինի «Զանգեզուրի միջանցքը»: Նա փաստորեն բավականին բացում է խաղաքարտերը:
Նոյեմբերի 9-ից հետո տարբեր առիթներով գրել եմ, որ Ալիեւի համար «միջանցք» ասվածն իրականում ոչ թե ապաշրջափակման թեմայի հարց է, այլ խաղաքարտ, որ նա վերցնում է երկար օգտագործման համար՝ արցախյան հարցի հեռանկարի համատեքստում: Վերջին շրջանում, երբ խոսվում էր, թե փակ է միջանցքի թեման, մի քանի անգամ գրել եմ, որ այդ թեմայից Ալիեւը չի հրաժարվելու եւ այդ թեման նա անընդհատ պահելու է բաց՝ արցախյան գործընթացի հաշվարկով: Հետեւաբար Երեւանի համար այս խնդիրը անընդհատ սպասարկում պահանջող խնդիր է, հետեւաբար թե պաշտպանական, թե դիվանագիտական աճող ռեսուրս պահանջող խնդիր:
Մեծ հաշվով, ալիեւյան պահվածքում թերեւս անսպասելի ոչինչ չկա: Ալիեւի այս բրյուսելյան հայտարարությունը ուշադրության է արժանի մեկ այլ առումով: Ոչ նրանով, որ նախորդում է Բրյուսելի հանդիպմանը: Ավելի շուտ նրանով, որ հաջորդում է հայ-թուրքական կարգավորման հատուկ ներկայացուցիչների մասին Անկարայի ու Երեւանի հայտարարություններին:
Որքան էլ Չավուշողլուն ասում է, որ գործելու են Ադրբեջանի հետ համադրված, Ալիեւը չունի դրա որեւէ երաշխիք եւ ավելին, ունի մեծ կասկած, որովհետեւ լավ է պատկերացնում, որ Թուրքիայի համար հարցերն ունեն այլ մասշտաբ ու հետեւաբար արժեք, իր համար՝ այլ: Այդ համատեքստում հետաքրքիր է, որ Անկարայից ու Երեւանից հնչում է մի սպասվող քայլի մասին, որը ունի ընդհանուր լարվածության նվազման բնույթ, ու հանկարծ Ալիեւը դրանից անմիջապես հետո Բրյուսելում անում է լարվածությունը բարձրացնող հայտարարություն: Միթե՞ Ալիեւի համար Չավուշողլուի հայտարարությունը եղել է ոչ միայն անցանկալի, այլ նաեւ անսպասելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր