ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել

«Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներին։

Մասնավորապես, այդ հարցի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումները, հիմնվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի տառացի մեկնաբանության և պատգամավորական անձեռնմխելիության հայեցակարգի հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարի վրա, եղել է այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է արդեն իսկ այդպիսի կարգավիճակ ունեցողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ Ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը, դրանք շարունակելուն։

Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է, որ վերջինս քրեական հետապնդում հարուցելուց անձեռնմխելիության կապակցությամբ փաստացի համաձայնել է վերը նշված հստակ, սահմանադրի պարզ կամքն արտահայտող մոտեցմանը և գտել, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնություն չի պահանջվում։

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը բացարձակ անկանխատեսելիորեն հակառակ մոտեցում է ցուցաբերել նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու կապակցությամբ և փաստել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նախքան այդ տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակվել չի կարող՝ դրա հիմքում անհասկանալիորեն դնելով այն պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել ազգային ժողովի գործունեությանը։

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նախ խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։ Այս առումով հատկանշական է հենց սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման գործընթացը քաղաքական բաղադրիչ ունի, և դրա արդյունքը կախված է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կամքից։ Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից:

Այս առումով խեղաթյուրվում է նաև անձեռնմխելիության հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարը։ Բանն այն է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիություն շնորհված է, իբրև պատգամավորի, նրա գործունեության ազատությունն ապահովելու, դրանով պայմանավորված՝ քրեական հետապնդումը և ազատությունից զրկելը բացառելու նպատակով։ Ավելի պարզ՝ պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի դրանով անմիջականորեն կամ անուղղակիորեն պայմանավորված հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։ Հետևաբար, այնքանով, որքանով նախքան պատգամավորի մանդատն ստանալն անձի նկատմամբ հարուցված և սկսված քրեական հետապնդումը, տեղի ունեցած ազատությունից զրկումը չեն էլ կարող պայմանավորված լինել նրա պատգամավորական գործունեությամբ, չեն կարող կապված լինել դրա ազատությունը սահմանափակելու հետ, հետևաբար դրա նկատմամբ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվել չի կարող։

Բացի դրանից՝ սահմանադրական դատարանի որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում մեկ այլ առումով ևս։ Խնդիրն այն է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու կապակցությամբ պատգամավորական անձեռնմխելիության՝ ամբողջությամբ նույնական իրավակարգավորումները սահմանադրական դատարանի որոշմամբ անհասկանալի կերպով ենթարկվել են սկզբունքորեն տարբերակված մեկնաբանության այն դեպքում, երբ մեջբերված սահմանադրական դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի կամքը այդ երկու դեպքերը միատեսակ իրավակարգավորման ենթարկելն է։ Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրության 96-րդ հոդվածի դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի միասնական կամքն այն է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու նկատմամբ, իսկ նախքան պատգամավորի մանդատն ստանալը հարուցված քրեական հետապնդումը և տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելու նկատմամբ չի տարածվում։ Այնինչ, սահմանադրական դատարանը, փաստացի տարբերակված մեկնաբանության ենթարկելով սահմանադրի միասնական մոտեցումը, գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը հարուցված քրեական հետապնդումը շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնությունը չի պահանջվում, իսկ ազատությունից զրկումը շարունակելու համար՝ պահանջվում է։ Այսպիսի մեկնաբանությունը մտահոգություններ է առաջացնում, որ սահմանադրական հստակ ու միանշանակ կարգավորման ենթարկված ցանկացած հարցի՝ նաև հետագայում անկանխատեսելի, սահմանդրի միանշանակ կամքին հակառակ մեկնաբանությունները բացառված չեն։

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը, որոշմամբ արձանագրել է, որ անձեռնմխելիությունից հրաժարվելը կամ այն սահմանափակելը կայացած և իրական ժողովրդավարական պետություններում դրսևորվող միտում է։ Եվ չնայած այդ կերպ անձեռնմխելիությունն ուժեղացնելը դիտարկում է որպես ժողովրդավարական չհամարվող պետություններին բնորոշ երևույթ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն իր վտանգավոր իրավամեկնաբանությամբ փաստացի ինքն է ուժեղացնում այդ ինտիստուտը»: