00:00:00

Թող հիմա Աշոտիկին ուղարկի Բաքու, կարծում եմ այնտեղ նրան՝ որպես պետական այրի որդի, չեն խոշտանգի. Ակցիայի մասնակից

17:44, 08 դեկտեմբեր 2021

Մեզ փորձում են վախեցնել, որ մեր բոյկոտը, մեր ըմբոստությունը տեսնում է թշնամին և ուրախանում է. մենք թշնամուն ուզում ենք հասկացնել՝ մեր մեջ նժդեհներ կան։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ի մոտ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ծնողներից մեկը: Գերիների ծնողները շեշտեցին, որ ազգի անունից հանդես եկող իշխանության ներկայացուցիչները պետք է հենց ազգի շահերն էլ ներկայացնեն. «Անընդհատ կրկնում են՝ 53 տոկոսը ձայն է տվել։ Մնացած 47 տոկոսին ի՞նչ պետք է անեք․ գնդակահարե՞ք, թե՞ գերի հանձնեք։ Դուք Ազգային ժողովում ներկայացնում եք ազգը։ Ձեր մեսիջներում, խոսակցություններում անընդհատ շեշտում եք այդ 53 տոկոսը, բայց տարանջատում եք՝ «սևեր», «սպիտակներ»․․․ Մեր հստակ պահանջն է՝ դուրս գալ ժողովրդի առաջ և տալ բացատրություն։ Ու մի քիչ տղամարդ գտնվել, ասել՝ ներեք, սխալ եմ եղել», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ծնողները նշեցին նաև, որ իրենց գերեվարված զավակներին դասալիք անվանելուց առաջ նույն իշխանությունները պարտավոր են նրանց վերադարձնել ու տեղում հետաքննություն անցկացնել՝ պարզելու գերեվարման ընթացքում եղած հանգամանքները։ «Նիկոլ Փաշինյանն ասում էր, պատրաստ է իր որդուն՝ Աշոտիկին փոխանակել գերիների հետ։ Թող հիմա ուղարկի, կարծում եմ այնտեղ Աշոտիկին՝ որպես պետական այրի որդի, չեն խոշտանգի։ Թող վերադարձնի մեր գերիներին, թող մի քիչ էլ Աշոտիկն անցնի այդ տառապանքների միջով։ Քրիստոնյայի անվան տակ սատանայի գավազանով թող չխաբի, չմոլորեցնի ժողովրդին»,- ասաց ծնողներից մեկը։ «Գիտե՞ք ինչն է վիրավորական։ Շարում են ոստիկաններին։ Ումի՞ց են պաշտպանում, մենք՝ այստեղ կանգնածներս հանցագործնե՞ր ենք։ Պահանջատեր ենք։ Մեզ՝ զավակի խնդիր ունեցողներիս ասում են՝ անադեկվատ են գործողությունները։ Բա ի՞նչ եք ուզում, գանք ողջունե՞նք ձեր բյուջեի քննարկումները։ Ասում են՝ Ալենին մեքենա առնելը մատի փաթաթան են սարքել։ Ես ասում եմ՝ գնացեք, նայեք դիրքերը, խնդիր չկա՞։ Ես չեմ ասում՝ բյուջեից թոշակ բաժանեք, թոշակ բարձրացրեք, մեր պահանջը հայրենիքն ուժեղացնելն է»,- ընդգծեց զինծառայողի հայրը։ Խորհրդարանի մուտքի մոտ նրանց բողոքը շարունակվում է։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին  «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է. «Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր