Մեր օրակարգում շարունակում է մնալ այն, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի կարող լինել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել` վերականգնելու այն ենթակառուցվածքները, որ խորհրդային միության շրջանում գոյություն են ունեցել, նաև ուղիները, որոնք հնարավոր է բացել, այսինքն` այն ճանապարհը, որ Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որ Ադրբեջանի տարածքն օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, նաև այն ճանապարհը, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատել»,- ասել է նա:

Գրիգորյանի խոսքով` դեռ չի հաջողվում համընդհանուր համաձայնություն ձևակերպել, աշխատանքները շարունակվելու են, մոտ ժամանակներում պլանավորվում է կրկին հանդիպում կազմակերպել, դրա` ավելի հստակեցվելու և առաջընթացի դեպքում հանրությանը կտեղեկացնեն:

«Ընդհանուր առմամբ` Հայաստանը միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկել և չի էլ քննարկելու: Այս առումով շարունակում ենք պնդել, որ պետք է մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների շրջանակներում, որտեղ միջանցքի մասին խոսք չկա և չի էլ կարող լինել»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով` Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որ հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջ տանել: