Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում բենզինի գինը շարունակում է բարձր մնալ. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 500-520 դրամով, իսկ Պրեմիումը՝ 520-540 դրամով: Տարեսկզբից էներգակիրների գները շարունակաբար աճում են ամբողջ աշխարհում։ Մասնավորապես նավթի գներն աճել են ավելի քան 60%-ով՝ հասնելով վերջին 7 տարվա առավելագույն ցուցանիշին՝ պայմանավորված բարձր պահանջարկով և սահմանափակ առաջարկով: Բնական գազի գները ևս աճել են՝ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում գրեթե եռապատկվել են։ Աճել են նաև բենզինի գները, ներկայում համաշխարհային շուկայում բենզինի միջին գինը մեկ լիտրի դիմաց կազմում է 1.21 ԱՄՆ դոլար:

Հայաստանյան շուկայում տարեսկզբի համեմատ բենզինի գինն ավելացել է մոտ 33%-ով։ Տարեսկզբից ԱՄՆ-ում բենզինի գինն ավելացել է ավելի քան 40%-ով, Մոլդովայում՝ 37%-ով, Վրաստանում ավելի քան 35%-ով, Թուրքիայում՝ 34%-ով, Գերմանիայում՝ 26%-ով, Բելառուսում՝ 25%-ով, Ֆրանսիայում՝ 20%-ով, Ռուսաստանում՝ ավելի քան 7%-ով։ Ադրբեջանում տարեսկզբի համեմատ ռեգուլյար տեսակի բենզինի գինը չի փոփոխվել, իսկ պրեմիում տեսակի բենզինը թանկացել է 10%-ով։ Ըստ RAC-ի տվյալների՝ բենզինի գները Մեծ Բրիտանիայում վերջին անգամ այս մակարդակի վրա եղել են 2012 թվականի ապրիլին։

Այնուամենայնիվ, երկրներում բենզինի գներն էապես տարբերվում են, տնտեսապես զարգացած երկրներում սովորաբար ավելի բարձր են, իսկ աղքատ և նավթ արդյունահանող երկրներում՝ ավելի ցածր: Բացառություն է ԱՄՆ-ն, որտեղ բենզինի գները համեմատաբար ցածր են: Երկրներում բենզինի գների տարբերությունները պայմանավորված են էներգակիր ռեսուրսների առկայությամբ, տարբեր հարկատեսակների կիրառմամբ, ինչպես նաև դրա նկատմամբ տրամադրվող սուբսիդիաներով: Օրինակ 2021 թվականի նոյեմբերի 29-ին GlobalPetrolPrices-ի տվյալներով բենզինի ամենաբարձր արժեքը եղել է Հոնկոնգում 1 լիտրի դիմաց հասնելով 2.58 ԱՄՆ դոլարի (1266 ՀՀ դրամ), իսկ բենզինի ամենացածր գին աշխարհում ունեն Իրանն ու Վենեսուելան՝ համապատասխանաբար 0,051 և 0,025 ԱՄՆ դոլար (25 և 12,3 ՀՀ դրամ)։

Տարածաշրջանում, բացի ՀՀ-ից բենզին ներկրում է նաև Վրաստանը, որտեղ բենզինի գները մեր երկրի համեմատ նոյեմբերի 29-ի դրությամբ գտնվել են նույն մակարդակում։ Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրներին, նշենք, որ բենզինի գինը ամենացածրը Ղազախստանում է՝ 0,453 ԱՄՆ-ը դոլար, ինչը շուրջ 2,2 անգամ ավելի էժան է, քան ՀՀ-ում և 1,8 անգամ ավելի էժան է, քան Բելառուսում։ Ըստ բենզինի գների մատչելիության ԵԱՏՄ երկրներում երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ բենզինի գներն աճում են՝ 1 լիտր բենզինի դիմաց հասնելով 0,621 ԱՄՆ դոլարի։ Համեմատության համար նշենք, որ հարևան Իրանում բենզինի գինը 0,051 ԱՄՆ դոլար է, այսինքն, մոտ 25 դրամ, ինչը պայմանավորված է Իրանի նավթի մեծ պաշարներով, երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով և բենզինի գների սահմանման պետական կարգավորմամբ։

Շարունակությունը՝ այստեղ։