«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովին եւ պահանջում է անվավեր ճանաչել հանձնաժողովի նոյեմբերի 3-ի «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու համար «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին» որոշումը, ինչպես նաեւ անվավեր ճանաչել «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը. այսօր՝ նոյեմբերի 15–ին, ժամը 16։00–ին, նշանակված է նիստը։ Դատարանը «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքին ներգրավել է որպես երրորդ անձ։

Նշենք, որ մինչ այս, «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքն էր հայց ներկայացրել ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի եւ պահանջել  էր անվավեր ճանաչել հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը, որով դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր էր ճանաչվել։ Դատարանը նոյեմբերի 12–ին բավարարել էր «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի հայցը՝ վերականգնելով գրանցումը։

«Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը ձեւավորվել է «Իմ հզոր համայնք» եւ  «Ազատություն» կուսակցությունների հետ։ Ավագանու ցուցակը գլխավորում է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Իկիլիկյանն ասաց, որ ՔՊ–ն չի ցանկանում, որպեսզի «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը մասնակցի ՏԻՄ ընտրություններին եւ ճնշում է գործադրել թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի վրա, որպեսզի անվավեր ճանաչեն դաշինքի գրանցումը։

«Ի սկզբանե Ախուրյան համայնքում, որը երկրորդ անգամ խոշորացվել է, պետք է ներկայացված լիներ 33 բնակավայր, բայց հետո չգիտեմ որտեղից դարձել է 35, այսինքն՝ Ախուրյան Կայարան եւ Հացիկ Կայարանը ճանաչվել են բնակավայրեր ու ընդգրկվել խոշորացված համայնքում։ Ըստ օրենքի՝ ավագանու անդամները պետք է ներկայացված լինեին բնակավայրերի կեսից ավելիից։ «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը ներկայացրել է ավագանու 26 անդամ՝ 14 համայնքից։ Հոկտեմբերի 31–ին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարել ենք թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողով, որն ընդունել է դրանք եւ գրանցել։ Մենք համայնքների ներկայացվածության հարցը քննարկել ենք, մեզ ապակողմնորոշել են, ասելով՝ «եթե ավագանու 26 անդամները ներկայացված են 14 համայնքից, ուրեմն 50+1 ապահովված է, խնդիր չեք ունենա»։ Հանձնաժողովը գրանցել է «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքին, բայց նոյեմբերի 7–ին լսեցինք, որ ԿԸՀ–ում քննարկում է  եղել, որ իբր ներկայացվածությունը պակաս է։ Հավանաբար, իշխող ՔՊ–ն ճնշում են գործադրել  թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի վրա, որ անվավեր ճանաչի դաշինքի գրանցումը, հանձնաժողովն էլ անվավեր է ճանաչել։ Մենք այդ որոշումը բողոքարկեցինք Վարչական դատարանում եւ մեր հայցը բավարարվեց»,– ասաց Վարդան Իկիլիկյանը։

Ախուրյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են նաեւ ՔՊ–ն, որի ավագանու ցուցակը գլխավորում է Առափի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ալբերտ  Այվազյանը, ինչպես նաեւ «Հաղթանակ» դաշինք եւ «Ախուրյան» դաշինքները։

«ՔՊ–ից բացի 3 դաշինք է առաջադրվել, մյուս ուժերի նկատմամբ ոչինչ չի արվում։ Մարդիկ մտածում են, որ մենք լուրջ ուժ ենք, աշխատում են մեզ շարքից հանել։ Ես ընդդիմադիր հայացքներ ունեմ ՔՊ–ի հանդեպ, բայց  հեղափոխությանը կողմ եմ եղել, որպեսզի մեր երկրում փոփոխություն լինի, մեր ժողովուրդն ուզում էր, մենք էլ որպես ժողովրդի ընտրյալ, գնացել ենք իրենց հետեւից, բայց դրանից հետո  Շիրակի բոլոր մարզպետները, բացի Նազելի Բաղդասարյանից, քաղաքական ճնշումների ենթարկեցին, գործերս ուղարկեցին  դատախազություն, պահանջեցին հրաժարական ներկայացնել, այս ֆոնի վրա, իրենք զոռով ինձ դարձրին ընդդիմադիր։ Սկզբում Կարեն Սարուխանյանը գործերս դատախազություն ուղարկեց, հետո Տիգրան Պետրոսյանը քննարկումների ժամանակ առաջարկել էր նոր թեկնածու գտնեն Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնի համար, որովհետեւ իրենք ուզում են իրենցը, նախավերջին մարզպետն էլ՝ Հովհաննես Հարությունյանը նույնպես պահանջել էր հրաժարականի դիմում»,– հավելեց «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Վարդան Իկիլիկյանը։