00:00:00

Առավոտը եկել եմ աշխատանքի, սովորական հասել եմ ու հանգիստ աշխատում ենք․ Սիսիանի համայնքապետի տեղակալ

17:19, 15 նոյեմբեր 2021

Առավոտը եկել եմ աշխատանքի, սովորական հասել եմ ու հանգիստ աշխատում ենք։ Այդքան բան եմ կարող ասել։ Այս մասին 24News-ին ասաց Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալ Վարդան Իվանյանը՝ անդրադառնալով Սիսիանի ուղղությամբ երեկ ադրբեջանական զորքերի ձեռնարկած առաջխաղացման հարցին։ Հարցին՝ բնակչությունից անվտանգության հետ կապված ահազանգեր չե՞ն եղել, Իվանյանը պատասխանեց, որ կոնկրետ իրեն ուղղված զանգեր չեն եղել։ Այլ մանրամասների համար Իվանյանը խնդրեց դիմել պաշտպանության նախարարություն։ «Մենք էլ չենք իմանում, մենք էլ ենք փորձում ճշտել», - նշեց նա։ Երեկ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ «Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան», - նշել էր պաշտպանական գերատեսչությունը։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ «Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը», - ասված էր հայտարարության մեջ։ 24News-ը նաև փորձեց կապ հաստատել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ալթունյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ, սակայն, ինչպես միշտ, զանգերը մնացին անպատասխան։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Ղուլունցն ասաց, որ իրենց դիրքերի ուղղությամբ որևէ խնդիր չկա։ «Կայուն վիճակ է։ Տեղյակ ենք, նորմալ վիճակ է, ոչ մի խնդիր չկա Սև լճի հետ կապված։ Իսկ Սիսիանի ուղղությամբ մենք էլ ենք լսել, բայց մանրամասներն իմացեք Սիսիանի քաղաքապետից, ՊՆ-ից տեղեկացեք», - եզրափակեց Ղուլունցը։ Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ։ «Բանակը գիտի, ես ի՞նչ իմանամ՝ էնտեղ ինչ է կատարվել», - եզրափակեց նա։ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանին ուղղված զանգերը նույնպես մնացին անպատասխան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր