Իշխանության գործողությունները, որոշ դեպքերում՝ հանցավոր անգործությունը Սյունիքում, կոլապսի են հասցրել երկրի հարավը, ինչն ուղիղ ազդեցություն ունի երկրի ողջ անվտանգային համակարգի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Դեռ որևէ պաշտոնյա չի պարզաբանել, թե ինչ է այս պահին տեղի ունենում Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին։

Տարբեր օգտատերերի ու լրատվամիջոցների գրառում/տեսանյութերը ցույց են տալիս, որ ճանապարհի մի քանի տեղամասերում ադրբեջանցիներն ինտենսիվ աշխատանք են տանում, ինչը շատ նման է անձնագրային/մաքսային հսկողություն իրականացնելու ենթակառուցվածքների ստեղծմանը։

Դրան զուգահեռ ցանցում ակտիվորեն տեսանյութեր են շրջանառվում Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին այլընտրանք համարվող Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում ստեղծված վթարային իրավիճակների ու խցանումների վերաբերյալ։

Այո՛, սա այն նույն ճանապարհն է, որի մասին իրար հերթ չտալով գովերգում են իշխանության մեծ ու փոքր դեմքերը։

Դեռ չեմ խոսում դեպի Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գնացող ճանապարհների վիճակի ու անցանելիության մասին։

Իշխանության գործողությունները, որոշ դեպքերում՝ հանցավոր անգործությունը Սյունիքում, կոլապսի են հասցրել երկրի հարավը, ինչն ուղիղ ազդեցություն ունի երկրի ողջ անվտանգային համակարգի վրա»,- գրել է նա։