Ընդհանուր առմամբ դժվարանցանելի է ճանապարհը եղանակային այս պայմաններում։ Շինարարական պրոցես է տեղի ունենում։ Բայց փորձում ենք ամեն ինչ հրատապ կերպով, համագործակցելով այնպես անել, որպեսզի հումանիտար խնդիրներ չառաջանան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Ե՛վ հացը, և՛ սնունդը անհատական տեղ հասնում են անհրաժեշտության դեպքում։ Այսօր նաև մարզպետարանի հետ համատեղ աշխատել ենք, աշխատանքի բաժանում ենք անում, որ ստեղծված իրավիճակում փորձենք ավելի հրատապ խնդիրները լուծել։ Բնակիչներին, ովքեր բանկից և այլ ծառայություններից օգտվելու խնդիր ունեն, մեքենա կա, դրանով երթևեկում են։ Պարբերաբար դա կկազմակերպվի, մինչև որ ճանապարհների բարեկարգման խնդիրը լուծվի», — նշեց նա։

Համայնքում ընդգրկված Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ այսօր ուսուցիչները կարողացել են դպրոց գալ։ «Ուսուցիչները եկել են, դասապրոցեսը ժամանակին կազմակերպել են»։

Սննդի տեղափոխման մասով գյուղապետը նշեց, որ հիմնական խնդիրը հացն է, որով այսօր ապահովվել է բնակչությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհի վերանորոգման հարցին, ապա Օնիկ Ավագյանը դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել։ «Ծրագրով նախատեսված է մինչև Նոր Տարի։ Գրունտային ճանապարհները վերջացնեն, խճապատեն, եկող տարվանից կսկսեն ասֆալտապատել», — ասաց նա։

Նա հավելեց, որ գյուղում երկու ծանր հիվանդ կա։ «Մեկի վիճակը շատ ծանր է, որին պետք է տեղափոխեին Գորիս, չի հաջողվել։ Մեկն էլ ինսուլտի նշաններ ունի, տեղափոխման խնդիրներ կան։ Ոչ մի կերպ հնարավոր չէ, որ Գորիսից մեքենա մոտիկանա գյուղ», — եզրափակեց Բարձրավանի գյուղապետը։