00:00:00

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. Մհեր Գրիգորյան

20:24, 12 նոյեմբեր 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի կազմակերպիչներին և Գործադիր կոմիտեին կատարված մեծ և արդյունավետ աշխատանքի համար: Ադրբեջանական կողմի հայտարարության առնչությամբ ընդգծեմ, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը: Բարձր ենք գնահատում ռուսաստանյան դաշնակիցների գործադրած ջանքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում 40 հազար մարդ մնաց անօթևան և կորցրեց ունեցվածքը, ավերվեցին 17 հազար քաղաքացիական օբյեկտներ և ենթակառուցվածքներ, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք զոհվեցին և վիրավորվեցին, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից>:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր