00:00:00

Դիտարկվել են թեկնածուներ, բայց չեն հաստատվել․ ով է լինելու Փաշինյանի խոսնակը

18:20, 12 նոյեմբեր 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո կառավարության ղեկավարը նոր մամուլի խոսնակ չունի։ Կառավարության Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը նոր խոսնակի փնտրտուքի մեջ է։ Դիտարկվել են մի քանի թեկնածուներ, որոնք չեն հաստատվել։ Դրանցից մեկը Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է եղել։ Ամենասկզբում գործադիրում նրա թեկնածությունն է դիտարկվել, որը սակայն չի հաստատվել։ Հետո դիտարկվել են լրատվական ոլորտի մեկ-երկու ներկայացուցիչ,  սակայն նրանք ևս հավանության չեն արժանացել։ Մեր ունեցած տեղեկություններով չի բացառվում, որ առաջիկայում այդ պաշտոնը թափուր մնա, հատկապես, որ վարչապետի մամուլի քարտուղարները իրենց ղեկավարի նման լրագրողներից անհասաելի են մնում։ Հիշեցնենք, որ Մանե Գևորգյանը խոսնակի պարտականությունները թողեց նոյեմբերի 9-ին։ «Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- գրել էր նա։ Գևորգյանը՝ Փաշինյանի վարչապետության երրորդ մամուլի խոսնակն էր։ Մինչ այդ այդ պաշտոնին էր Վլադիմիր Կարապետյանը, ով ավելի ուշ նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան, իսկ նրանից առաջ էլ՝ Արման Եղոյանը։ Նա հիմա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր