Երեկ կեսգիշերից Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի վրա Ադրբեջանը տեղադրել է անցակետեր, ու դրա մասին, ինչպես այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ոչ պաշտոնական խողովակով տեղեկացրել են հայկական կողմին։

«Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է, հիմա կարող է այլ հարց ծագել, որ հնարավոր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր․ հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի էր մեզ համար»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ի պատասխան Փաշինյանի պարզաբանումների, նշեց, որ Հայաստանի սուվերեն տարածքները Ադրբեջանին հանձնումը նոր չէ տեղի ունենում։

«Հայաստանի ինքնիշխան տարածքի Ադրբեջանին հանձնելու փաստական մեկնարկը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սովետական Հայաստանի քարտեզներով իրականացվում է սահմանների ճշգրտում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում տեղի է ունեցել հայկական զորքի դուրսբերում՝ Սանասարի և Կովսականի պաշտպանական դիրքերից։ Հենց այս ամենի հետևանքով է, որ այդ ճանապարհը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ շեշտելով՝ կատարվածը դավաճանության հետևանքն է, ոչ թե պատճառը։

 

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն արդարացմանը, թե եթե Ադրբեջանը անցակետեր չտեղակայեր Գորիս-Կապան ճանապարհին, ապա դրա այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, Ղազինյանը պատասխանեց.

«Ստում է, այն էլ՝ լկտիաբար։ Չկա որևէ գին։ Երբ ԱԺ-ում ասում էինք՝ այս ի՞նչ հիմքով ես տվել զորքը հետ քաշելու հրաման, ասում էր՝ այո՛, միանձնյա եմ որոշումը կայացրել, իսկ Վաղարշակ Հարությունյանն էլ կատարել է, որպեսզի ռազմական էսկալացիա չլինի, բայց չէ՞ որ այդ տարածքներից զորքը հետ քաշելու մասին որևէ բառ չկար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ուստի Ադրբեջանը որևէ ռազմական սադրանքի չէր գնա։ Այնպես որ, երբ ասում է, որ ռազմական բախման վտանգ կա, ստում է,- ասաց Ղազինյանը՝ հավելելով,- Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը երբեք այսքան սինխրոն չեն գործել. եկան ճանապարհը հանձնեցին՝ իբրև թե խաղաղության դիմաց։ Այն, որ սինխրոն են գործում, ակնհայտ է, որովհետև Ադրբեջանը կարող էր ճանապարհը փակել դեկտեմբերին, բայց չի փակել, և փակել է այն նույն օրը, երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտված է։ Րոպեն րոպեի վրա Փաշինյանն ու Ալիևը գնում են գործողությունների, և այստեղ աշխատում է օպերատիվ կապը։ Հայաստանի և Արցախի գլխին կախված այս բոլոր փորձանքների հիմքում Փաշինյան-Ալիև օպերատիվ կապն է»։

Ըստ նրա՝ Փաշինյան-Ալիև զույգը հանցագործ եղանակով իրականացրել է սահմանների սահմանագծում և սահմանազատում՝ չունենալով դրա համար լիազորությունները, որովհետև որևէ քարտեզ հիմք չի ընդունվել այդ նպատակի համար։

«Սեփական տան բակի պես հանձնել է թշնամուն։ Հիմա փաստացի իրականացվում է սահմանագծում և սահմանազատում, որովհետև իրավաբանորեն վախենում են դրան գնալ՝ վախենալով, որ ամեն ինչ իրենց գլխին է կոտրվելու»,- ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ իրավիճակն անդառնալի չէ, և հաջորդ իշխանությունն այն փոխելու տարբերակ ունի։

 

«Ուժի մեթոդով մեր բանակը ունի հնարավորություն ազատագրել Հայաստանի ինքնիշխան տարածքը ադրբեջանական անցակետերից, իսկ մինչև հիմա չի ազատագրում, որովհետև Փաշինյանը, կարծում եմ, ունի պարտավորություն դա չանելու, թե ինչ պայմաններով է այդ պարտավորությունը վերցրել, դա կպարզվի քրեական վարույթով»։

Ինչ վերաբերում է Կապան հասնելու համար առաջարկվող օդային ուղուն՝ հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու մասին որոշմանը, որի համար պետական բյուջեից հատկացվել է 49.5 միլիարդ դրամ, ապա Արթուր Ղազինյանը նշեց, որ սա ընդամենը փիառ քայլ է ու շատ նման Լելե-Թեփե օպերացիային։

«Ասում էին՝ տեսեք, Սերժ Սարգսյանը հանձնեց, մենք գնացինք ետ բերեցինք, հիմա էլ ասում են՝ տեսեք, Կապանի օդանավակայանը չէր գործում նախկինների ժամանակ, հիմա մենք գործարկում ենք։ Ասում են՝ տեսեք՝ Կապանի հետ կապը կլինի։ Բայց հիմարություն է այս վիճակում խոսել Երևան-Կապան թռիչքի մասին, որովհետև օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների ափի մեջ։ Որքան սիրելի պետք է լինես ադրբեջանցիների համար, որ նրանք քեզ թույլ տան Կապանի օդանավակայանում վայրէջք կատարել ու խնայեն կյանքդ»,- նշեց պատգամավորը։