Հինգշաբթի օրը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ընդունել է վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը, որի համար խնդրանքով Բաբիշը դիմել էր այդ օրը ավելի վաղ։ Նախագահը հանձնարարել է կաբինետի անդամներին շարունակել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը, երկրի նախագահի կայքում հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը հինգշաբթի, 2021 թվականի նոյեմբերի 11-ին, ընդունել է վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը։ Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարության անդամներին կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը»,- ասված է հաղորդագրությունում։

2021 թվականի հոկտեմբերի 8-9-ի խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել «Միասին» կոալիցիան, որը միավորում է երեք ազատական ուժերի՝ «Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը» (ՔԴԿ), «Քրիստոնեադեմոկրատական շարժումը» եւ «TOP 09» շարժումը։ Ընտրություններից հետո այս կուսակցությունների առաջնորդները հայտարարել են իրենց ուժերը «Ծովահենների կուսակցություն»-ից ու «Համայնքապետներ եւ անկախներ» շարժումից բաղկացած, երրորդ տեղը զբաղեցրած մեկ այլ լիբերալ կոալիցիայի հետ միավորելու մասին: Երկու լիբերալ կոալիցիաների առաջնորդները երկուշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել նոր կոալիցիոն կառավարության ծրագրի վերաբերյալ, որը հիմնվելու է խորհրդարանական մեծամասնության՝ 108 (200-ից) պատգամավորների վրա, ինչպես նաեւ որպես վարչապետի թեկնածու առաջադրել են «Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության» ղեկավար Պետր Ֆիալուին։

Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում (CVH) բուժման մեջ գտնվող նախագահ Միլոշ Զեմանը երեքշաբթի օրը Ֆիալուին հանձնարարել է երկրի նոր կառավարություն ձեւավորել։ Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, Զեմանը կտեղափոխվի հոսպիտալի ստանդարտ բաժանմունք, որտեղ նա կկարողանա ընդունել այցելուներին։

Ավելի վաղ Զեմանը տեսակապի միջոցով Ֆիալուի հետ զրույցում ասել էր, որ կանի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նոր կաբինետը հնարավորինս շուտ սկսի աշխատանքը։ Միաժամանակ նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել ոչ միայն Ֆիալուի, այլեւ նախարարական պաշտոնների որոշ թեկնածուների հետ։