00:00:00

Երասխում բացվեց Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը

00:07, 12 նոյեմբեր 2021

Մայոր Յուրի Իշչյուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը նվիրյալ զինվորականներ էին, որոնք զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ադրբեջանի կողմից խփված ռուսական ուղղաթիռի անձնակազմի երկու զոհված անդամների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ ըստ էության կասկածի տակ դնելով ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Հայաստանի օդային տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը «պատահականություն» է եղել: «Այս ողբերգական միջադեպը, որը ադրբեջանական կողմը կոչում է «պատահականություն», տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել ռազմական բախումներ: Եվ ահա այսօր ներկա ենք մի հուշակոթողի բացման, որը հավերժացնում է օդաչուներ մայոր Յուրի Վ. Իշչյուկի և ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի հիշատակը, երկու նվիրյալ զինվորականների, որոնք զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս», - ասաց ՏԿԵ փոխնախարարը՝ իր զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: 2020 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից նախիջևանյան ուղղությունից Հայաստանի տարածքում խփված ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված երկու անդամների` ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի և մայոր Յուրի Վ. Իշչյուկի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էին նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Արման Եղոյանը, «ՄԻՐ» ՄՀՀ ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը, Կանանց եվրասիական միության նախագահ Նաիրա Չարչյանը, քաղաքական գործիչներ Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը և այլոք: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ «ՄԻՐ» ՄՀՀ-ին հողատարածք էր հատկացվել հուշարձանի տեղադրման և հետագայում ռազմապատմական հուշահամալիրի կառուցման համար։ «Հիշատակի Բլուր» ռազմապատմական հուշարձանի կառուցման նպատակն է հավերժացնել 2020 թ. նոյեմբերի 9-ին խոցված ՌԴ Ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյան ուղեկցությամբ: Ավագ լեյտենանտ Ֆեդինի և մայոր Իշչյուկի կիսանդրիները մասն են այն մեծ հուշահամալիրի, որի կառուցումը կազմակերպիչները նախատեսում են ավարտին հասցնել 2024 թվականին։ 2020 թ. դեկտեմբերի 12 այստեղ բացվել էր ռուս սպաների հիշատակի հուշատախտակ՝ «Հավերժ փառք» խորագրով: 2020 թ. դեկտեմբերի 20-ին՝ անվտանգության աշխատակիցների օրը, «ՄԻՐ» հիմնադրամի ներկայացուցիչները ռուս սպաների հիշատակի բլրի ներքո ապագա պատիճ էին ամփոփել՝ ապագա սերունդներին ուղղված ուղերձով և նախատեսում են սահմանային սյուն կանգնեցնել նշված վայրում: Հուշահամալիրի տարածքում կառուցվելու է նաև եկեղեցի-մատուռ և թանգարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր