00:00:00

Հայ հոգևորականները շարունակում են մեկուսացած մնալ Դադիվանքում. Հայ ուխտավորներն անգամ խաղաղապահների ուղեկցությամբ չեն կարողանում մտնել վանք

03:59, 11 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Հայ 6 հոգևորական շարունակում է մեկուսացած մնալ Դադիվանքում, իսկ հայ ուխտավորները դեռևս չեն կարողանում մտնել վանական համալիր: Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ հոգևորականները դեռևս մարտից մեկուսացած են Դադիվանքում, նրանց հետ են նաև ռուս խաղաղապահները: Տեր Վրթանեսի խոսքով՝ հոգևորականները մեկուսացած են անվտանգային խնդիրներից ելնելով, ինչպես զրուցակիցը նշեց ՝«դուրս գան, ո՞ւր գնան, չորս բոլորն ադրբեջանցիներ են». «Մեկուսացած են, որովհետև այդպես է այսօրվա իրավիճակը, վանքը այժմ գտնվում է օտարի տարածքում: Հոգևորականները բանտարկված չեն, իրենք հոգևոր ծառայության մեջ են,վանքի տարածքից դուրս չեն գալիս, անգամ խաղաղապահները դուրս չեն գալիս:Դուրս գան, ո՞ւր գնան, չորս բոլորն ադրբեջանցիներ են:Բայց, անշուշտ, եկեղեցին հարմար է և պատշաճ»,-ասաց տեր Վրթանեսը: Արցախի թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ հայ ուխտավորներն անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չեն կարողանում մտնել Դադիվանք. «Ադրբեջանը մերժում է, թույլ չի տալիս, մինչև երբ են մերժելու՝ կտեսնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբվանից Դադիվանքը կշարունակի ընդունել հայ ուխտավորներին: Տեր Վրթանեսը նաև հայտնեց, որ ռուսական կողմի հետ հաճախակի է հանդիպումներ ունենում, վերջերս հանդիպել է ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ, միասին այցելել են Դադիվանք: Հանդիպումների ընթացքում մշտապես քննարկվում է հայ ուխտավորների Դադիվանք մուտքի հարցը. «Ռուսական կողմն էլ է կողմնակից, ես էլ եմ կողմնակից, բոլորս ենք ուզում, որ հայ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք, ռուս խաղաղապահներն էլ միանշանակ կողմ են»,-ասաց Տեր Վրթանեսը: Ըստ նրա՝ խնդրի լուծումն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնեն խնդրի մասին. «Վերջերս Մոսկվայում հանդիպում եղավ Վեհափառի և կրոնապետերի մասնակցությամբ,այս հարցը ևս բարձրացվել է, տեսնենք՝ եթե շարժ լինի, ուրեմն ի ուրախություն բոլորիս, եթե ոչ, կնշակի՝ սա լուրջ խնդիրն է: ՌԴ նախագահն է այս ձևաչափը դրել,եթե չեն կատարում, նշանակում է, որ Ադրբեջանը չի ընդունում ՌԴ նախագահի ասածը»,-ասաց եպիսկոպոսը: Տեր Վրթանեսը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ ադրբեջանցիները Դադիվանքի ուխտագնացությունների դիմաց հայկական կողմից առաջարկ են արել. «Իրենք գուսան ունեն, որի ծննդավայրը գտնվում է Արցախի տարածքում, ադրբեջանցիներն ուզում են փոխադարձ այց կազմակերպել՝ իրենք գնան գուսանի շիրիմին, մերոնք էլ գնան Դադիվանք, այսպես ասած՝ բարտեր լինի: Ադրբեջանցիներն են սա առաջարկել, մենք էլ ասել ենք, որ դեմ չենք, իրենք ճանապարհ էլ են կառուցել, բայց հետո դադարեց այս խոսակցությունը»,-ասաց նա: Զրույցի վերջում տեր Վրթանեսը հույս հայտնեց, որ այս հարցը շուտով կլուծվի և Դադիվանքը կրկին կընդունի հայ ուխտավորներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր